Ուկրաինայի արևելքում ենթադրաբար ոչնչացվել է ԵԱՀԿ առաքելության անօդաչու թռչող սարքը

ԵԱՀԿ առաքելության անօդաչու թռչող սարք Ուկրաինայում, արխիվ

Գերմանիան և Ֆրանսիան երեկ հայտարարել են, որ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականները ենթադրաբար ոչնչացրել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության անօդաչու թռչող սարքը։ Համատեղ հայտարարությամբ երկու պետությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բեռլինը և Փարիզը, որոնք աշխատում են Մոսկվայի և Կիևի հետ «նորմանդական ձևաչափով», որպեսզի վերջ տան հակամարտությանը Ուկրաինայում, հայտարարել են, որ ԵԱՀԿ առաքելության հատուկ մոնիտորինգի անօդաչու սարքը անհետացել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան։

Ուկրաինայի կառավարական ուժերի և անջատողականների միջև հակամարտության հետևանքով 2014 թվականի ապրիլից ի վեր ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: