Նախագահի հրամանագրով Ազգային ժողովի ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 9֊ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով, հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը, արտահերթ ընտրությունը նշանակել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովն այսօր ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց։

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ էր կրում։

Վարչապետի առաջադրված միակ թեկնածուին չընտրելու մասին հայտարարել էին Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները: Հանրապետականը նույնպես չխոչընդոտեց Փաշինյանի ծրագրերին:

Անցած տարվա ապրիլի 2-ին ընտրված խորհրդարանը 5 տարվա փոխարեն մեկուկես տարուց մի փոքր ավելի աշխատեց: