Հանրապետական խմբակցության ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները երկմտում են՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում ընդդիմադիր ճակատում դիրքավորված Հանրապետականի համար ձայներ ապահովել, թե փակել քաղաքական էջը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշման մասին մի քանի օրից կհայտարարի: Քննարկելու հարցեր շատ կան․ վստահ է՝ Արարատի մարզում կրկին առաջադրվելով՝ ձայն կբերի, գուցե հեղափոխությունից հետո ավելի պակաս․ - «Թող չլինի 6,000, թող լինի՝ 3,000: Ես չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում՝ ժողովրդի հետ խոսելուց ես երբեք չեմ խորշել, հիմա էլ խոսելու բան ունեմ, էնպես չի, որ ասելիք չունեմ: Հաշվարկեմ իմ ուժերը, հնարավորությունները, տրամադրությունս՝ ժողովրդի առաջ հանդես գալու տրամադրությունը, նոր հետո կորոշեմ՝ կմասնակցեմ, թե ոչ»:
Անցած խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզում առաջադրված և մոտ 8 հազար ձայն ստացած պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս դեռ չի կողմնորոշվել: Վերջնական պատասխանի համար մեկ շաբաթ ժամանակ խնդրեց:
Գործարար պատգամավորը վստահեցնում է՝ այլ առաջարկներ էլ ունի․ - «Ես դեռևս որոշում չեմ կայացրել, առաջարկներ շատ ունեմ»:
Արարատի մարզից առաջադրված և ավելի քան 17 հազար քվե ստացած Մուրադ Մուրադյանը համոզված է՝ իրեն ընտրում են անկախ կուսակցության վարկանիշից․ - «Ռեյտինգայինը էդ ձևի չի, պիտի քո համար հավաքես: Առաջ էր՝ համ քո համար, համ կուսակցության»:
Մեր հարցին, թե Հանրապետականից առաջարկե՞լ են առաջադրվել, Մուրադյանը պատասխանեց․ - «Հըլը իմ մոտ սաղ անհայտա, մի շաբաթ հետո որ ասես՝ կպատասխանեմ»:
Շարմազանովը «լուրջ ասելիք ունի ընտրողներին»
Փոխարենը՝ «ռեյտինգային» ցուցակով առաջադրվելու հարցում մտածելու անհրաժեշտություն չի տեսնում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը երեք անգամ պատգամավոր է դարձել կուսակցության համամասնական ցուցակով․ - «Կուսակցությունը եթե կորոշի Մեղրիում՝ Մեղրիում կառաջադրվենք, կորոշի Ալավերդիում՝ Ալավերդիում, կորոշի Երևանում՝ Երևանում․․․ իմ նախընտրությունը Ալավերդին է, Լոռու մարզն է, որովհետև ես ինքս Լոռու մարզից եմ»:
Ազգային ժողովի փոխխոսնակը դժվարանում է ասել՝ առաջադրվելու դեպքում որքան ձայն կստանա, բայց մեկ տոկոսն անգամ ամոթալի չի համարում: Կարևորը ժողովրդի ճնշմամբ ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալուց ամիսներ անց ընտրողներին ասելու բան ունի՝ ՀՀԿ-ի անցած ուղուց մինչև գործող իշխանության բացթողումները․ - «Ես լուրջ ասելիք ունեմ իմ ընտրողներին և իմ արած աշխատանքի հաշվետվությունը և չկոռումպացված լինելը և ձեռքները արյունոտ չլինելը և ուրիշի գումարները իմ գրպանում չտեղավորելը և նաև միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության շահը սրբորեն, հպարտ կեցվածքով պաշտպանելը»:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, որը ևս երեք անգամ պատգամավոր է դարձել համամասնական ցուցակով, պատրաստ է թեկնածությունն առաջադրել, եթե այդպես որոշի կուսակցությունը: Բայց, վստահեցնում է, այս պահին իր հետ նման հարց չի քննարկվել․ - «Փողոցում եմ շատ լինում, մարդկանց եմ հանդիպում և տարբեր ձևաչափերով: Ես ինքս էլ, ընտանիքս էլ ունի հեղինակություն, և ես դրանից երբեք չեմ վախեցել, իսկ նախկիններում ես իմ կուսակցության համար ձայներ բերել եմ: Դեռ մենք կոնկրետ, պաշտոնական որոշում չունենք, ես զերծ կմնամ տարբեր մեկնաբանություններից»:
Հանրապետական կուսակցությունում դեռևս չեն հրապարակում ցուցակը գլխավորողի անունը: էդուարդ Շարմազանովը միայն հիշեցրեց, որ կուսակցությունում անփոխարինելի համարում ունեցող Սերժ Սարգսյանը անցած ընտրություններում էլ համամասնական ցուցակը չի գլխավորել: