Այս տարի փառատոնին մասնակցում են 5 երկրներից ժամանած մեկական թատերախմբեր՝ Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Մակեդոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից, ևս երեքը՝ Հայաստանից: Փառատոնին իրենց բենադրությունները կներկայացնեն Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը, Երևանի կամերային թատրոնը և Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնը:
Փառատոնը 2005 թվականին հիմնադրել է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2016 թվականից փառատոնի տնօրենն է դերասան, բեմադրիչ Կարո Բալյանը:
Բալյանի խոսքով՝ մեր հանդիսատեսին շատ ուշագրավ, ժամանակակից շեքսպիրյան ներկայացումներ են սպասվում, որոնք նաև ուսանելի կարող են լինել մեր թատերական գործիչների համար․ - «Փորձում ենք սարքել այդ միջավայրը, երբ հանդիսատեսը ինքնըստինքյան զգում է իրեն այդ տարածքում, այդ դարաշրջանում, այդ ժամանակահատվածում, ինչը որ թելադրում է հենց ինքը ռեժիսորը: Դա շատ հայտնի տենդենց է, որ եկել է Արևմուտքից՝ Նյու Յորքից Լոնդոն, Լոնդոնից Փարիզ, Փարիզից Մոսկվա․․․ տենդենցը հենց դա է, որ այդ պատերը քանդվեն, և մենք փորձենք գոնե փառատոների միջոցով կարողանալ տալ Հայաստանին այն շեքսպիրյան ներկայացումները, որը որ կուզենայինք, որ հայաստանյան հանդիսատեսը տեսներ»:
«Ազատության» հարցին, թե ինչու են այս տարի ընդամենը 5 արտասահմանյան թատերախմբեր մասնակցում փառատոնին, Բալյանն արձագանքեց․ - «Նույնիսկ շատ են էն ֆինանսով, որը մենք ունենք: Այն ֆինանսական հնարավորությունը, որը մենք այս տարի ունենք․․․ նախանցած տարի մենք ունեինք մոտավորապես 15 մասնակից երկրներ: Այս տարի 5 է, էլի որակով թատրոններ են, բայց քանակն է մի քիչ ավելի փոքր, օրերը մի քիչ կրճատել ենք: Հնարավորության դեպքում ավելի շատ կանենք»:
Ի պատասխան հարցին, թե ինչու են նաև քիչ այս տարի փառատոնին մասնակից շեքսպիրյան բեմադրությունները Հայաստանից, նա ասաց․ - «Մենք փորձում ենք ներգրավել այդ տարի բեմադրված շեքսպիրյան ներկայացումները, և էս երկու տարիների ընթացքում բեմադրվել են մեզ հայտնի ներկայացումները»:
Փառատոնի ընթացքում երևանյան 5 բեմահարթակներում կներկայացվի 10 ներկայացում, ևս մեկը կներկայցվի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Շեքսպիրյան միջազգային 19-րդ փառատոնի ներկայացումների մուտքը ազատ է, բացի երևանյան թատրոնների և Սանկտ Պետերբուրգի թատրոնի բեմադրություններից: