Նոյեմբերի 2-ին աշխարհը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշում է լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրը:
ՄԱԿ-ի իրավապաշտպան-փորձագետները մոլորակի կառավարություններին կոչ են անում ձեռնարկել անհապաղ միջոցներ լրագրողների նկատմամբ հանցանքներ կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մեծ թվով երկրներում մամուլի աշխատակիցները բիրտ հարձակումների են ենթարկվել, զոհվել և վիրավորվել են:
ՄԱԿ-ի փորձագետները՝ խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյը, արտադատարանային պատիժների և հաշվեհարդարների հարցերով զեկուցող Ագնես Կալամարդը, փորձագետներ Տե Ուն-բակը, Բեռնար Դուհեյմը, Հոուրիա Էս-Սլամին, Լուսիանո Հազանը, Հենրիկաս Միցկևիչյուսը կազմել են զեկույց, որում ներկայացրել են աղաղակող փաստեր մամուլի աշխատակիցների վրա հարձակումներ կատարողների անպատժելիության մասին:
Հարյուրավոր լրագրողներ կալանավորվել են, ահաբեկվել են, կան անհետ կորածներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս առիթով հրապարակել է աշխարհին հասցեագրված ուղերձ:
«Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող սպանվել է՝ իրենց կարևոր առաքելությունը կատարելու համար: 10 նման դեպքից 9-ը չի բացահայտվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Առավել մեծ վտանգ է սպառնում կին լրագրողներին՝ ոչ միայն իրենց աշխատանքի, այլև սեռական պատկանելության առումով, քանի որ նրանք հաճախ սեռական բռնության են ենթարկվում:
Այս տարի արդեն սպանվել է առնվազն 88 լրագրող, հազարավոր լրագրողներ կեղծ և շինծու մեղադրանքներով բերման են ենթարկվել, կալանավորվել են:
«Երբ լրագրողներն են հարձակման ենթարկվում, հասարակություններն են դրա համար վճարում, և ես կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրությանը՝ պաշտպանել լրագրողներին, ստեղծել մամուլի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հավելել է, որ այսօր իր հարգանք է հայտնում լրատվամիջոցների աշխատակիցներին և ուղերձում ընդգծում է՝ «ճշմարտությունը երբեք չի մահանում»:
Լրագրողների վրա վերջին հարձակումների շարքում ՄԱԿ-ի փորձագետները հիշատակել են նաև Ստամբուլում սաուդցի Ջամալ Հաշոգիի սպանությունը:
Լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու օրվա առիթով ուղերձ է հրապարակվել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:
«Ազատ լրագրությունն ազատ հասարակության հենարանն է, այն խարխլելը նշանակում է խարխլել մեր ազատությունը», - ասվում է ուղերձում: