ՀՅ Դաշնակցությունը վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը։
Ազգային ժողովում այսօր քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է:
«Ելք»-ը հայտարարել է, որ ձեռնպահ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, «Ծառուկյան» խմբակցությունն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ չքվեարկելու մասին։
Եթե խորհրդարանն այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով Ազգային ժողովը կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Փաշինյանը նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։