Թավշյա հեղափոխությանը նպաստել է նաև համացանցի ազատությունը․ հայաստանցի փորձագետներ

Իրավապաշտպաններ Աշոտ Մելիքյանը (Ձ) և Արթուր Սաքունցը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականը վկայում է, որ Հայաստանում լուրջ առաջընթաց կա:

Մելիքյանի համար սպասելի էր, որ «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում Հայաստանն էապես բարելավելու է դիրքերն ու «մասամբ ազատ» երկրների շարքից տեղափոխվելու է «ազատների» շարքը։

Մասնագետի գնահատմամբ՝ այս փաստը ոչ միայն ուրախալի է, այլև ուղիղ համեմատական է ժողովրդավարության չափանիշներին․ - «Ամբողջ աշխարհը համենայն դեպս առայժմ հրապուրված է հայաստանյան թավշյա հեղափոխությամբ, և, բնականաբար, դա ազդեց նաև գնահատականների վրա»:

Ազատ համացանց ունեցող երկրի շարքում այս տարի Հայաստանը հայտնվեց թավշյա հեղափոխության շնորհիվ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի պարագայում բարելավումն ուղղակիորեն կապված է այդ իրադարձության հետ, քանի որ քաղաքացիները հեղափոխություն են կատարել՝ ակտիվորեն կիրառելով սոցիալական ցանցերի մեդիա հարթակները, հաղորդակցության հավելվածները և ուղիղ հեռարձակումները:

«Բնակչությունը ամբողջ երկրի կա՛մ դրսում էր, կա՛մ մոնիտորների մոտ հետևում էր այդ ուղիղ հեռարձակումներին», - փաստեց Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի դիտարկմամբ՝ թե՛ ապրիլ-մայիս ամիսներին, թե՛ դրանից հետո առցանց մեդիան պահպանում է իր դերն ու կարևորությունը՝ այս հարթակում աշխատելով առանց ճնշումների ու սահմանափակումների: Նրա կարծիքով, ոչ պակաս կարևոր է նաև ձեռք բերածը պահելը, որ միջազգային կառույցների հաջորդ զեկույցներում Հայաստանը կրկին նահանջ չգրանցի․ - «Եթե մենք տեսնենք, որ ինտերնետ տարածքը մեզանում ազատ չէ, դա նշանակում է, որ ժողովրդավարությունը նույնպես ինչ-որ սպառնալիքների, ինչ-որ բարդությունների առջև է կանգնել: Եվ համոզված եմ, որ թավշյա հեղափոխության լիդերները հոգ կտանեն, որպեսզի այս առումով Հայաստանն իր դիրքերը չզիջի»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ Գյումրիից Երևան քայլերթը, Ազատության հրապարակի հավաքները, փակ փողոցները, ոստիկանների հետ բախումներն ու չնահանջող քաղաքացիների պայքարը. այս ամենն ու ոչ միայն առաջինը լուսաբանվեց հենց օնլայն հարթակներում։ Այն, որ Freedom House-ի զեկույցում համացանցի ազատության առումով Հայաստանը գրավեց 27-րդ տեղը, ըստ մասնագետի, ողջունելի է։

Նրա խոսքով՝ համացանցն այլընտրանք դարձավ ավանդական մեդիային, և դա չէր կարող աննկատ մնալ․ - «Սա գալիս է ամրապնդելու, որ սոցիալական կայքերը գրաքննության չեն ենթարկվել, սահմանափակումներ չեն եղել: Եվ եթե նախորդ իշխանություն գլխի ընկներ, փորձեր խափանել կամ կապ չլիներ, բնականաբար, բոլորովին այլ պատկեր կունենայինք»:

Այս ֆոնին, սակայն, անազատ է շարունակում մնալ հայաստանյան մամուլը․ Freedom House-ի մեկ այլ զեկույցի մասին են հիշեցնում մասնագետները։ Որպեսզի այստեղ էլ դրական տեղաշարժ արձանագրվի, լուրջ աշխատանքի ու բարեփոխումների կարիք կա։

Ըստ Աշոտ Մելիքյանի, անգամ հեղափոխությունից հետո ավանդական մեդիան շարունակում է հին ոճը՝ չապահովելով բազմազանությունն ու օբյեկտիվությունը․ - «Եթե հեղափոխությունից հետո նույն իշխանությունները ասում են, որ՝ մենք ձեր գործունեության մեջ չենք խառնվելու, դուք աշխատեք ձեր պատկերացումներով, պատկերացումները դեռ մի բան են, բայց իրականությունը՝ եթերը և այլն, դա մի ուրիշ բան է: Մեր հեռարձակող լրատվամիջոցներում դեռ հին մոտեցումները պահպանվում են, և դա է նաև պատճառը, որ իրենց լսարանը ավելի շատ միգրացիա է կատարում դեպի օնլայն մեդիա»:

Արթուր Սաքունց․ - «Հեռարձակողները, որոնք բացարձակապես չեն անդրադառնում շատ դեպքերին, ավելին՝ նույնիսկ չեն ներկայացնում օբյեկտիվ իրավիճակը: Սա մեր խնդիրն է, և կարծում եմ, որ հեռարձակողները ունեն բավական լուրջ մտածելու առիթ, որպեսզի հետ չմնան իրազեկման, տեղեկությունների տարածման, կարծիքների բազմազանության ներկայացման տեսակետից»:

Փորձագետների կարծիքով, այս ոլորտում կարիք կա նաեւ օրենսդրական փոփոխության` խոսքն առաջին հերթին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին է վերաբերում։ Ըստ Մելիքյանի՝ այս ոլորտում հարաբերությունների բարեփոխման անհրաժեշտություն է հասունացել՝ մրցույթների արդարությունն ապահովելու և նոր խաղացողներ ներգրավվելու համար։