Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայի 322 քաղաքացիների և 68 ընկերությունների նկատմամբ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ, ցուցակում են նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որդու՝ Ալեքսեյ Պորոշենկոյի, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և նախագահի հավակնություններ ունեցող՝ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի անունները։

Պատասխան պատժամիջոցների մասին որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ցուցակում 322 ֆիզիկական անձ է՝ չինովնիկներ և գործարարներ, 68 ընկերություն։

Պատժամիջոցների տակ հայտնված անձինք և ընկերությունները չեն կարողանա իրենց ֆինանսական ակտիվները դուրս բերել Ռուսաստանից, բացի այդ՝ Ռուսաստանում սառեցվելու են նրանց բոլոր ակտիվները, ինչպես նաև արգելվում է այդ ցուցակում ընդգրկված անձանց մուտքը Ռուսաստանի տարածք։

Ուկրաինայի դեմ պատժամիջոցների մասին հրամանը ավելի վաղ ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հրամանում նշված է, թե Ուկրաինայի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, երբ պաշտոնական Կիևը կչեղարկի ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների մասին որոշումը․ ավելի վաղ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել շուրջ 1700 ռուսաստանցիների դեմ։

«Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների նպատակն է յուրացնել ուկրաինական ակտիվները», - այսպիսի կարծիք է հայտնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, հավելելով, թե այս պատժամիջոցները անպատասխան չեն մնա, և Կիևը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։

Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանը ակտիվորեն քաղաքացիություն է տալիս Ուկրաինայի արևելքում ապրողներին: Այսպես, անցած տարի, օրինակ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դաշնային ծառայության տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն էին ստացել 85 հազարից ավելի ուկրաինացիներ։ Այս քաղաքականությունը Դոնբասի բնակիչների նկատմամբ շարունակվում է։