Հանրապետական խմբակցությունն այսօր կողմ չի քվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք ունենք խմբակցության և կուսակցության որոշում՝ կողմ չքվեարկել վարչապետ Փաշինյանին։ Կարծում եմ, այստեղ, ի վերջո, հեղափոխությունից վեց ամիս անց, իշխանության և ընդդիմության կարծիքները համընկան՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կարծում են, որ վարչապետին չպետք է ընտրել», - ասաց Շարմազանովը։
Ազգային ժողովում այսօր քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։
Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ է կրում։
«Ելք»-ը հայտարարել է, որ ձռնպահ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն ասել է, որ քվեարկությանը չի մասնակցելու։
Եթե խորհրդարանն այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով Ազգային ժողովը կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Փաշինյանը նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։