ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում հարգել փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին շարունակել հարգել միջուկային սպառազինությունների մասին առանցքային պայմանագիրը, մինչ ԱՄՆ-ը սպառնում է դուրս գալ պայմանագրից` Մոսկվայի կողմից ենթադրյալ խախտումների պատճառով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում հայտարարել է, որ «սպառազինության վերահսկման որևէ համաձայնագիր չի կարող արդյունավետ լինել, եթե այն պահպանի միայն մեկ կողմը»:

Սա վերջին շուրջ կես տարվա ընթացքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դեսպանների միջև առաջին հանդիպումն է, որը տեղի ունեցավ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության խորացման ֆոնին:

Տարաձայնության աղբյուրն այն է, որ ՆԱՏՕ-ն պնդում է՝ Ռուսաստանը հրթիռներ է տեղակայում, խախտելով 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագիրը, և դա կարող է օգտագործվել Եվրոպայում դաշինքի անդամ երկրների թիրախավորման համար:

Ռուսաստանը մեղադրում է ՆԱՏՕ-ն իր սահմանների մոտ սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ, Հյուսիսատլանտյան դաշինքն էլ խիստ քննադատում է Ղրիմի բռնակցումը 2014-ին, ինչպես նաև Մոսկվայի կողմից անջատողականներին աջակցությունը Արևելյան Ուկրաինայում շարունակվող հակամարտության մեջ: