«Մարտի 1»-ի ամենակարևոր բացահայտումների շղթան է բացվում, սպասենք նոր անակնկալների». Անդրանիկ Քոչարյան

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ողջունելի է համարում «Մարտի 1»-ի գործով նոր հանգամանքների բացահայտումը։

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանն ընդգծեց՝ վերջապես մտել են «այն տարածք, որտեղ կեղծվել է ամեն ինչ»։ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամի խոսքով՝ ամենակարևոր բացահայտումների շղթան է բացվում։

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր նոր հանգամանքներ ի հայտ եկան բացահայտման առումով, ողջունելի է, որ վերջապես մտնում ենք այն տարածք, որտեղ կեղծվել է ամեն ինչ։ Դա Հատուկ քննչական ծառայության, քննչական խմբի կողմից կեղծումներն են, ոստիկանության, ընդհանրապես այդ բոլոր կեղծիքներն ի հայտ բերելով՝ մենք մի քայլ այսօր արդեն առաջ ենք անցնում, այնպես որ այսօրվա անակնկալը քննչական խմբի կողմից շատ ողջունելի է», - ասաց Քոչարյանը։

Հարցին, թե արդյո՞ք սրան պետք է հաջորդեն այլ բացահայտումներ, որովհետև գործում նաև նշվում է՝ «ոստիկանության կողմից Վահագն Հարությունյանի հանձնարարությունը կատարելը և ոստիկանության կողմից գյուղերից մեկում կրակոցներ արձակելը և պարկուճների փոխանակումը», Քոչարյանը պատասխանեց. - «Ասեմ Ձեզ, բացահայտումներն այս շղթայի մեջ այնքան անակնկալներ են մատուցելու մեր հասարակությանը, այստեղ միայն Վահագն Հարությունյանի անձը չէ, իր կողմից ղեկավարած կեղծիքների համակարգը չէ, բա Աղվան Հովսեփյա՞նն ուր մնաց՝ ամենամեծ կեղծիքները հովանավորող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, հանրապետության գլխավոր դատախազը, դատախազ, որը հանդիսացել է նաև «Մարտի 1»-ի օպերատիվ խմբի անդամ։ Այնպես որ, բացվել է ամենակարևոր բացահայտման ուղղությունը՝ ամենակարևոր բացահայտումների շղթան է բացվում։ Այնպես որ, սպասենք նոր անակնկալների, ակնհայտ է դա և անխուսափելի»։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: