Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

Բրիտանական թանգարանում նոյեմբերի 8-ին բացվող «Ես եմ, Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով ցուցահանդեսում առանձին բաժնով կներկայացվեն նաև Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշները:

Ընդհանուր առմամբ, այս միջազգային ցուցահանդեսին կներկայացվի 200 ցուցադրանմուշ, որոնցից 120-ը հենց Բրիտանական թանգարանի հավաքածուից է, իսկ մնացած 80-ը կբերվեն Էրմիտաժից, Փարիզի, Բեռլինի, Վատիկանի, Երևանի և այլ թանգարաններից: Հայաստանի պատմության թանգարանն այս ցուցահանդեսին կներկայանա 10 բացառիկ ցուցադրանմուշներով:

«Այսօր արդեն ցուցանմուշները Բրիտանական թանգարանում են, սպասում ենք ամսի 8-ի բացմանը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը և մանրամասնեց․ - «Ուրարտական շրջանի իրեր են մեծ մասամբ՝ բրոնզե իրեր են: Կա մի գավաթ՝ արծաթից, Սարդուրի վահան, երկու իր կա Տավուշից՝ խոսքը գնում է զինվորի արձանի և կառքի մանրակերտի մոդելի մասին: Վահան, կապարճ, թաս և այլն»:

Ցուցահանդեսի համադրողն է Գարեթ Բրերետոնը, որի կողմից էլ Հայաստանը ստացել է ցուցահանդեսին մասնակցության հրավերը:

Սա այս տարվա արդեն 3-րդ միջազգային ցուցահանդեսն է, որտեղ Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է նմուշներ իր հսկայական հավաքածոյից: Սեպտեմբերին «Արմենիա» խորագրով ցուցահանդես բացվեց աշխարհի մեկ այլ խոշորագույն թանգարանում՝ Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ այս տարեսկզբին էլ մի մեծ ցուցահանդես էր բացվել Թեհրանում՝ «Իրան - Հայաստան․ հողի հիշողությունը» խորագրի ներքո:

Բրիտանական թանգարանում մի քանի օր հետո բացվելիք ցուցահանդեսին Էրմիտաժը նույնպես մասնակցում է իր ուրարտական հավաքածոյով, որը ժամանակին Հայաստանից հնագիտական պեղումների արդյունքում է տարվել Էրմիտաժ:

Հայաստանի պատմության թանգարանն ունի 380,000 ցուցադրանմուշ, որի 2,5 տոկոսն է ընդամենը ցուցադրվում՝ տարածքի հետ կապված խնդիրների պատճառով: