«Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: ֊ «Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», - ասված է հաղորդագրությունում:
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - նաև ասված է հաղորդագրությունում:
Այս տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»։
Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն անցած տարիներին լրագրողների հետ հանդիպումներում բազմիցս է հայտարարել, թե գործի քննությունը թերի չի կատարվում: