Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այսօր Արտակ Բեգլարյանին ընտրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան:

«Քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեգլարյանը: ֊ «Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ»:

2016 թվականի մայիսին օմբուդսմեն ընտրված Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 26-ին՝ հայտարարելով, որ ներկայումս իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ «իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»:

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով: