Երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղն առավոտյան ժամը 11-ին։ Այն ըստ էության ավելի կարճ կտևի․ ակնկալվում է, որ մինչև ժամը 12-ը՝ վարչապետի ընտրության նիստը, համաներման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կրկին կքննարկվի և կքվեարկվի։
Առնվազն 6 հազար 500 անձ այս համաներման ընդունման դեպքում կազատվեն պատժից, կամ նրանց նկատմամբ կդադարի քրեական հետապնդումը։ Այս թվերը նախնական են։
Ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի, հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները՝ ըստ էության ավելի ընդլայնել քրեական հոդվածների շարքը, այդ թիվը կարող է անցնել նաև 7 հազարը։
Զեյնալյանի հավաստմամբ՝ այս համաներման նախագիծը ամենևին նպատակ չի հետապնդում բեռնաթափել կալանավայրերը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում առկա կալանավայրերում սահմանված թվից կիսով չափ քիչ կալանավորներ կան։ Ընդհանուր թիվը 2 հազար 800 է, ազատ կարձակվեն 650 կալանավորներ։ Նրանց մեջ են մտնում հատկապես այն կալանավորները, ովքեր դատապարտվել են մինչև 3 տարվա ազատազրկման կամ անզգուշությամբ հանցագործություն կատարելու դեպքում մինչև 6 տարվա ազատազրկման, նրանք, ովքեր դատապարտված են եղել մինչև 5 տարվա կամ 10 տարվա ազատազրկման և արդեն կրել են իրենց պատժի 1/3-ը։
Քրեական հետապնդումը կդադարեցվի շուրջ 4 հազար անձի նկատմամբ։ Ըստ Զեյնալյանի՝ այս պահին իրավապահ համակարգում հարուցված են 6 հազար 100 քրեական գործեր, և մոտ 70 տոկոսի վրա համաներում կտարածվի։
«Ներկայացրեցի վիճակագրական տվյալներ նախկի համաներումների վերաբերյալ, թե որքան դատապարտյալ կամ անձ է կրկնահանցագործություն կատարել անհատական կամ համաներման ակտից հետո, և դրա ցուցանիշները շատ մեծ են։ Անշուշտ, պարոն Կոստանյանը դատախազ եղել է և ունի գիտելիքներ և փորձ և ներկայացրեց, որ հանցավորությունը աճում է։ Այո, մենք այս ամենը նկատի ունեցել ենք, նկատի ունեցել ենք և այս չափով ենք կարողանում իրականացնել համաներում՝ հաշվի առնելով մեր ռեսուրսները, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ռեսուրսները», - ասաց Զեյնալյանը։
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը: