Ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի, գեներալ Մանվել Գրիգորյանի նվիրաբերած հողատարածքում կա 25 առանձին սեփականության վկայականով գույք։
Բաբայանի խոսքով՝ նվիրատվության գործընթացը չերկարացնելու համար, Պետգույքի կառավարման կոմիտեում որոշվել է նախ նվեր ընդունել բաժնետոմսերով ընկերությունը, նշանակել կառավարիչ և հետո ընթացքում որոշել, թե ինչպես վարվել այդ 25-ի առանձին սեփականության հետ։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը մասնավորապես հետաքրքրվեց Բաբայանից, թե «ինչպե՞ս են պատրաստվում վարվել Մանվել Գրիգորյանի՝ պետությանը նվիրաբերած տարածքի հետ, և արդյո՞ք Պետական գույքի կոմիտեն իրավունք ունի, օրինակ, մերժել որևէ նվիրատվություն», Բաբայանը պատասխանեց. - «Իրականում ոչ թե Պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է մերժել կամ ընդունել, դա կառավարությունն է որոշում, և տեսականորեն, այո՛, կարող է նաև մերժել։ Չգիտեմ՝ որ դեպքերում, բայց կառավարությունն իր քննարկումների ժամանակ համապատասխան փաստարկներ պետք է բերի։ Դրա համար ասացի՝ տեսականորեն, որովհետև, այո՛, տրամաբանական չէ նվերը մերժելը։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, հողատարածքում կար առանձին 25 սեփականության վկայականով գույք, և այդ 25-ն առանձին ընդունելու դեպքում բավականին ծավալուն, մեծ, տևական աշխատանք է։ Հիմա մենք ուղղակի պայմանավորվել ենք, որպեսզի այդ բաժնետոմսերով ընկերությունը նվեր ընդունվի, կնշանակենք կառավարիչ և արդեն ընթացքում կորոշենք, թե այդ 25-ի հետ առանձին ինչպես վարվել։ Ուղղակի որպեսզի ավելի երկար չտևի այս ամբողջ պրոցեսը, իսկ դրա համար հարկավոր է ուղղակի կառավարության որոշումը նախապատրաստել, շրջանառել գերատեսչությունների միջև շահագրգիռ և տանել արդեն համապատասխան ձևով կոմիտեների նիստ և կառավարության նիստ»։
Բաբայանը նշեց, որ Մանվել Գրիգորյանից ստացել են լիազորագիրը, որով նա համաձայնել է նվիրաբերել 330 հա տարածքը որպես ընկերություն։
Հարցին, թե ի՞նչ է արվելու այդ գույքը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը պատասխանեց. - «Այնտեղ ես ինքս իհարկե չեմ եղել, չեմ տեսել և մանրամասն չեմ տիրապետում, բայց որքանով որ հետաքրքրվեցի, իմացա, բավականին տարբեր պրոֆիլների գույքեր կան՝ թե՛ բերքատու այգիներ, թե՛ ձիարշավարան, ձիաբուծարան, հյուրանոց, ուղղակի առանձնատներ, և մեծամասնությունը տարածքի հարթ դաշտ է, ոռոգվում է։ Տարածքի մեծամասնությունը կուղբաբուծությունն է։ Ես հիմա չգիտեմ, համապատասխան գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների համար եթե դա հետաքրքիր կլինի, միգուցե և դա աճուրդով հանվի վաճառքի»։
Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․