Եթե Կարեն Կարապետյանն առաջադրվի, համագյուղացիները նրան կընտրեն

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյան (ՀՀԿ)

Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի ամագյուղացիները առաջադրման դեպքում մեկ մարդու նման կքվեարկեն նրա օգտին:

Հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանի ծննդավայր Լեռնահովիտում նախկին իշխանավորներին թալանչի են կոչում, բայց միևնույն ժամանակ նշում են, թե իրենց համագյուղացի Կարապետյանի առաջադրման դեպքում մեկ մարդու նման կքվեարկեն նրա օգտին։

Մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Կարեն Կարապետյանը Լոռու մարզում մեկուկես տարի առաջ խորհրդարանական ընտրություններին 44 հազար ձայն էր ստացել։

«[Կընտրենք] Կարեն Կարապետյանին՝ եթե Կարեն Կարապետյանը եղավ, եթե չէ՝ Փաշինյանին եք ընտրելու։ 100 տոկոսով իրան, որովհետև մեր գյուղացի ա, մեր հետ մեծացել ա, մեր հետ էլ ապրել ա, մենք ո՞նց կարանք ուրիշի ընտրենք․․․ մեզ էլ վնաս չի տվել», - ասում են Լեռնահովիտի բնակիչները։

Կարեն Կարապետյանի 87-ամյա հայրը, ով հիմնականում Երևանում է բնակվում, այսօր կարճ ժամանակով եկել էր գյուղ՝ վերջին բերքահավաքին։ Հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք իր որդին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։

«Մեր տղան ոչ մի խոսք չի խոսացել, որ ես իմանամ ինչ նպատակ ունի», - նշեց Կարեն Կարապետյանի հայրը։

Անցած տարի, ընտրությունների հաջորդ օրը վաստակաշատ մանկավարժն «Ազատությանն» ասել էր, որ հույս ունի, թե հանրապետականները, այդ թվում իր որդին, խելքի կգան և կարճ ժամանակ անց կլավացնեն դեպի արտերկիր ձգտող ժողովրդի վիճակը։ Այսօր չցանկացավ խոսել քաղաքականությունից։

«Ես սրտացավ եմ ժողովրդի համար, որ ժողովուրդը ապրի այնպես, ինչպես իմ հոգին է ուզում», - ասաց նա։

Ամեն դեպքում Լեռնահովիտում ու ոչ հեռու գտնվող Տաշիր քաղաքում Փաշինյանի կառավարությանն անմնացորդ հավատացողներն անգամ նշում են, թե բարձր են գնահատում Կարապետյանների բարեգործությունները․ ճանապարհները վերանորոգված են, ամենուր բարեկարգ այգիներ, նորակառույց մանկապարտեզներ ու այլ նշանակալի կառույցներ։

«Նա մեր ռայոնի տղա ա, մեք նրան սիրում ենք ու նրան միշտ էլ ձայն ենք տալու», - նշեց նրանցից մեկը։

Բայց տաշիրցիները կարևորում են անկաշառ ընտրությունները։ Ամեն ինչ կանեն հետևելու ներկայիս կառավարության՝ ընտրություններն արդար անցկացնելու կոչերին։

«Համենայն դեպս ով էլ դնի, որ կուսակցությունից էլ դնեն թեկնածություն, ես կողջունեմ նրան, ով առանց կաշառքի պայքարի մեջ կմտնի, ու իրոք հեղինակությունները չաշխատեն», - ասաց տաշիրցիներից մեկը։