Արգենտինացի Սոլարին «Ռեալ»-ի ժամանակավոր մարզիչ

Մարզիչ Խուլեն Լոպետեգուին, արխիվ

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը ակումբի կրած վերջին անհաջողություններից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգուին: Նրան ժամանակավոր կփոխարինի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան, արգենտինացի Սանտյագո Սոլարին:

«Ռեալ»-ը Լա Լիգայի վերջին տուրում անցած կիրակի օրը 1:5 խոշոր հաշվով պարտվել է մշտական մրցակից «Բարսելոնա»-ին, ինչից հետո էլ ակումբի ղեկավարները որոշել են հեռացնել Լոպետեգուին:

«Բարսելոնա»-ի նախկին մարզիչ, ներկայումս անգլիական Պրեմիեր լիգայում առաջին տեղը գրավող «Մանչեսթր Սիթի»-ի մարզիչ Պեպ Գուարդիոլան իր դժգոհությունն է հայտնել «Ռեալ»-ի ղեկավարների որոշման կապակցությամբ:

«Ես հիասթափված եմ, սա է այսօրվա ֆուտբոլը, մենք երբեմն հաղթում ենք, իսկ երբեմն պարտվում ենք՝ աշխատանքից ենք ազատվում: Ցավում եմ Խուլենի համար, նա իմ ընկերն է, մենք միասին խաղացել ենք «Բարսելոնա»-ում։ Նա հրաշալի մարդ է և մասնագետ: Հավատում եմ, որ նա դեռ կաշխատի մեկ ուրիշ թիմում, և նրան հաջողություն եմ մաղթում», - ասել է Գուարդիոլան:

Անցյալ տարվա մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ»-ից հեռացել են մարզիչ Զինեդին Զիդանը և պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ռեալ»-ը 2016-18 թվականներին երեք անգամ անընդմեջ նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: