Ռուսաստանցի փորձագետ․ Բոլթոնի այցից հետո Մոսկվայում սկսվում է հակափաշինյանական հիստերիա

Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի երևանյան հայտարարություններից մի քանի օր անց Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է Ջոն Բոլթոնի, ինչպես հաղորդագրությունում է ասված՝ «անտակտ» հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ուշադրությունից չեն վրիպել ամերիկյան զենքի առավելության մասին ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ «Բոլթոնը, բնականաբար, չմոռացավ նաև գովազդել ամերիկյան սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն», - ասված է հաղորդագրությունում: Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը իր ավանդական ոճով հեգնում է, թե Բոլթոնի հայտարարությունը իր «անտակտությամբ» գերազանցել է նույնիսկ Հայաստանում դիվանագիտական առառքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը։

«Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջել է, որպեսզի Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում», - նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նման հատուկ հայտարարությամբ արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս՝ առաջին անգամ հատուկ հայտարարությամբ հանդես էր եկել անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երբ Հայաստանում մեղադրանք էին առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Ռուսական մամուլը ուշադրությունից չի վրիպել ոչ Բոլթոնի այցը Հարավային Կովկաս, ոչ էլ հատկապես Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունը։

Լրատվամիջոցների մեծ մասը հայտարարությանը արձագանքել են դեռ առանց, այսպես ասած, «ռուսական ոճի» մեկնաբանությունների։

Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, սակայն, ասում է, որ Մոսկվայում սկսվում է հակահայկական, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակափաշինյանական հիստերիա Բոլթոնի այցից հետո։

«Ակնկալել, որ Մոսկվան կփոխի իր ոճը և կփորձի հասկանալ բարդ իրավիճակում հայտնված Հայաստանին, պետք չէ: Հայաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում՝ մի իրավիճակում, երբ ցանկացած քայլ կարող է սխալ քայլ լինել և է՛լ ավելի բարդացնել իրավիճակը։ Հարավկովկասյան հանրապետություններից Իրանի հետ հարաբերությունների համատեքստում առանցքային երկիրը Հայաստանն է, և ամերիկյան կողմը պահանջում է Հայաստանից խզել մտերիմ հարաբերությունները Իրանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է Մոսկվային, Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա չի բացառում, որ հայկական կողմը զենք գնի նաև Միացյալ Նահանգներից, կառաջացնի կամ արդեն առաջացրել է Մոսկվայի հիստերիան՝ «տեսեք, ամերիկացիները նաև Հայաստանն են մեզնից խլում» տրամաբանության ներքո: Ակնկալել, որ հենց Հայաստանի դեպքում Մոսկվան ըմբռնումով կմոտենա և կփոխի իր կոշտ գործելաոճը, պետք չէ»։

Ռազմական հարցերով փորձագետի խոսքով՝ հայկական բանակը ամերիկյան սպառազինության պահանջն իսկապես ունի, մասնավորապես՝ ինչ վերաբերում է հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին։ Այս զենքի մասով, ասաց Ֆելգենգաուերը, Հայաստանը զիջում է Ադրբեջանին, որը նման սպառազինությունը գնում է, օրինակ, Իսրայելից, Ռուսաստանը նման զենք չունի։ Տրամաբանությունը թելադրում է, որ Մոսկվան այս իրավիճակում կարող է Հայաստանը իր ազդեցության տակ պահելու համար է՛լ ավելի ձեռնտու վարկեր առաջարկել ռուսական զենք գնելու համար, սակայն, Ֆելգենգաուերի խոսքով, «այս տրամաբանությունը Ռուսաստանի համար չէ»: «Փաշինյանին Մոսկվայում առանց այդ էլ չէին վստահում՝ մտածելով, թե նա արևմտամետ է, և Բոլթոնի հայտարարությունները Մոսկվային թույլ են տալիս ասել, թե «մենք ճիշտ էինք, Հայաստանում գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության են եկել արևմտամետ ուժերը», - նշեց ռուսաստանցի փորձագետը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի խորհրդականի այն հայտարարությանը, թե խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կկարողանա գնալ համարձակ քայլերի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ռուսաստանցի փորձագետը, ով տասնյակ տարիներ արդեն զբաղվում է այս խնդրով, դրան լուրջ չի վերաբերվում։ «Կողմերին այս կամ այն ձևաչափով կարգավորումը պարտադրելու լծակներ ոչ Մոսկվան, ոչ էլ առավել ևս Վաշինգտոնը չունեն։ Բացի այդ, ղարաբաղյան խնդիրն այսօր Վաշինգտոնի համար հրատապ խնդիր չէ, Վաշինգտոնին հետաքրքրում է Իրանը և Հայաստանի կապերը Իրանի հետ», - վստահ է Պավել Ֆելգենգաուերը: