Արա Բաբլոյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:

Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ Վեհաժողովի գործունեությունն ուղղված է պաշտպանական բնագավառում անդամ երկրների գործողությունների համակարգման ապահովմանը, այդ թվում՝ մոդելային օրենսդրության ընդունմամբ և ժամանակակից օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ առաջարկությունների մշակմամբ:

«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և Վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երևանից տեղափոխման կապակցությամբ: Այո՛, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է հանգեցնել խորհրդարանի ցրմանը, և, իբրև հետևանք՝ արտահերթ ընտրությունների: Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտավորությունները և ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերվում փոխհամաձայնեցված որոշմանը՝ երևանյան նստաշրջանի անցկացման հետաձգմանը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանզի հասարակության մեջ առկա է փոխհամաձայնություն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Վեհաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ ձևաչափով:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ միասնական օրենսդրական աշխատանքը ՀԱՊԿ-ի խորհրդարանական բաղադրիչի ձևաչափում կծառայի որպես խաղաղության և անվտանգության կարևոր գործոն ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք նախագծեր, այդ թվում՝ Վեհաժողովի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագծին, ՀԱՊԿ ԽՎ-ում 2018թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, 2016-2020թթ. համար ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտարկման Վեհաժողովի գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, 2019թ. ընթացքում Վեհաժողովի աշխատանքային պլանին, ԽՎ ֆինանսական գործունեությանը, Վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող և այլ ընթացակարգային հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է հուլիսի 7-11-ը Բեռլինում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքները: