Վանաձորցիներն առաջարկում են իրենց քաղաքը դարձնել երկրի երիտասարդական մայրաքաղաք

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր Վանաձորում հայտարարեց, որ պատրաստ է իր հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով աջակցել Լոռու մարզի երիտասարդների հաջողված ու հետաքրքիր ծրագրերին։

Այսօր Վանաձորում կազմակերպված հանդիպմանը Աննա Հակոբյանը, ինչպես նաև ներկա երիտասարդներն ու պաշտոնյաներն արձանագրեցին, որ Հայաստանի երրորդ քաղաքը երիտասարդների համար անհրապույր է:

«Կարող ենք արձանագրել, որ մարզպետի, քաղաքապետի և հասարակական սեկտորի հետ եկանք այն եզրակացության, որ առնվազն երիտասարդության համար Վանաձորը պետք է փոխել, դարձնել ավելի լավը», - ասաց Աննա Հակոբյանը:

Նա օրինակ բերեց Դիլիջանի երիտասարդական կառույցները՝ նշելով, որ համեմատության եզրեր չկան, ինչին հակադարձեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը․ - «Դիլիջանը նոր է սկսում, Վանաձորը երկար ժամանակվա ավանդույթներ ունի․․․ Պետության դերն ու դերակատարումը մեզ ավելի շատ ուղղորդելու ուղղությամբ, որ բիզնեսը ուղղորդվի, ոնց որ ժամանակին Դիլիջան, Ծաղկաձոր է ուղղորդվել: Երբ որ մի բիզնես պրոյեկտ հաջողի էստեղ, մուլտիպլիկատիվ էֆեկտը հաստատ երիտասարդության համար մեծ դաշտ է բերելու»:

Ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց․ - «Համաձայն եմ, բայց քանի դեռ մենք չունենք նման հեռանկար, ու ես էլ կառավարության ներկայացուցիչ չեմ, ես առաջարկում եմ մենք մեր ճանապարհով գնանք, [անենք] այն, ինչ ինքներս կարող ենք անել մեր ուժերով»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մոտ ապագայում մարզպետին կից կստեղծվի երիտասարդական խորհուրդ, որը «նախկինի պես կուսակցականացված չի լինի»:

Վանաձորից ոչ հեռու գտնվող Մարգահովիտ համայնքի երիտասարդ բնակիչ Տաթևիկ Ղումաշյանը հարց բարձրացրեց՝ ե՞րբ է հեղափոխությունը հասնելու իրենց համայնք։

Վարչապետի տիկնոջ արձագանքը․ - «Յուրաքանչյուրն ինքն է որոշում առաջին հերթին՝ հասնո՞ւմ է իրեն էդ հեղափոխությունը, թե՞ ոչ, ինչպես է հասնում և ինչպես չի հասնում: Եթե խոսքը մենակ նրա մասին է, որ հեղափոխությունից հետո աշխատանք ունենան, կա մարդ, որը հեղափոխությունից հետո ունի պաշտոն, բայց ինքը հեղափոխությունը չի կրում իր մեջ և ինքը իր տեղով, իր ապրելով հակահեղափոխական է: Էդ մարդը երկար կյանք չի ունենա իհարկե էդ պաշտոնում: Եվ եթե էդ մարդիկ դոմինանտ լինեն, մեծ տոկոս կազմեն, մեր հեղափոխությունն էլ երկար կյանք չի ունենա»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով, Վանաձորը երիտասարդական մայրաքաղաք դարձնելու փորձեր են անում։ Առաջարկը հասել է նաև կառավարություն։