Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերը վերջին երկու օրերին ծանր կորուստներ են կրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ մարտերի ընթացքում: Այս մասին տեղեկացրել են Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» աշխատակիցները:
Իրավապաշտպան այս կառույցի տվյալներով՝ «Իսլամական պետության» ավելի քան 200 զինյալներ, այդ թվում՝ կին դիպուկահարներ և անչափահասներ, հարձակման են անցել Եփրատի արևելյան ափին գտնվող Սուսե և Բաղուտ գյուղերի ուղղությամբ:
«Իսլամական պետության» հետ բախումների ընթացքում վերջին երկու օրերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» 188 մարտիկներ են զոհվել», - պնդում է լոնդոնյան կենտրոնը:
«Սիրիական դեմոկրատական ուժերը» վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը, դրանց հիմնական կորիզը կազմում են քրդական ջոկատները: