Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվա այցի ժամանակ ասել է, թե ինչու են ամերիկացիները որոշել դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից:
Կիրակի օրը «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրին տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է՝ Բոլթոնը բավականին անկեղծ ասել է, որ Միացյալ Նահանգներին առաջին հերթին հետաքրքրում է ասիական ուղղությունը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է, որ այս գործընթացում ներգրավված լինեն Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը:
Մոսկվայում համարում են, թե փոքր և միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ սկսվում է սպառազինությունների նոր մրցավազք, և այդ մրցավազքը, Մոսկվայի պնդմամբ, նախաձեռնում է ամերիկյան կողմը:
Լավրովը հարցազրույցում ասել է, թե եվրոպական այն երկրները, որտեղ ամերիկացիները կտեղադրեն այդ հրթիռները, պետք է գիտակցեն, որ Մոսկվան գնալու է համապատասխան քայլերի:
Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ԱԳ նախարարը հարցազրույցում նաև հայտարարել է, որ այսօր էլ Մոսկվան բաց է ամերիկացիների հետ համագործակցության համար ցանկացած հարցով, միայն եթե այդ բանակցությունները լինեն «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքով:
Սերգեյ Լավրովը նաև ասել՝ Մոսկվան գիտակցում է, որ Միացյալ Նահանգներն այսօր աշխարհի ամենահզոր երկիրն է: Ռուսաստանը, սակայն, նրա խոսքով, եթե նույնիսկ ստիպված լինի ներգրավվել սպառազինությունների մրցավազքում, դա կանի այնպես, որ շատ միջոցներ չծախսի այդ մրցավազքի համար: «Մենք հիշում ենք, որ խորհրդային տնտեսությունը լրջորեն թուլացել էր հենց սպառազինությունների մրցավազքի պատճառով», - հարցազրույցում շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը:
Վաշինգտոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե դուրս է եկել 1987 թվականին կնքված պայմանագրից, հայտարարել է միայն մտադրության մասին: Պայմանագրից դուրս գալու որոշումը, այդուհանդերձ, Սերգեյ Լավրովի հավաստմամբ, արդեն ընդունված է, և դուրս գալու մասին Միացյալ Նահանգները կհայտարարի արդեն առաջիկայում:
Նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: