Այսօր կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Դավիթ Զալկալիանի, Մևլութ Չավուշօղլու, Էլմար Մամեդյարով

Ստամբուլում, որտեղ նախօրեին ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների՝ Սիրիայի հարցով գումարած գագաթնաժողովը, տեղի կունենա միջազգային ևս մեկ՝ այս դեպքում հարավկովկասյան ձևաչափով հավաք: Այսօր կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Դավիթ Զալկալիանին:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության ոլորտում արձանագրած առաջընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունում:

Երեք երկրների ներկայացուցիչները կքննարկեն տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում:

Վերլուծաբանների կարծիքով՝ նախարարները կանդրադառնան Սիրիայի թեմային:

Ստամբուլում նախօրեին Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և Անգելա Մերկելը քննարկել են Սիրիայի պատերազմին վերջ տալու ուղիները: Չորս ղեկավարները հայտնել են, որ մինչև այս տարեվերջ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը պետք է աշխատի Սիրիայի ապագա Սահմանադրությունը կազմելու վրա:

Նախարարները հավանաբար տեղեկություններ կփոխանակեն ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան և հարավկովկասյան երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության մասին:

Մոսկվայում, Բաքվում, Երևանում և Թբիլիսիում Բոլթոնն ի շարս այլ հարցերի քննարկել է Սիրիայի խնդիրը և Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության կոշտացումը:

Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ անմիջական սահմաններ ունեցող Իրանը վերջին ամիսներին ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմանալու և սոցիալ-տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար:

Ընդ որում, Վաշինգտոնը նկատել է տալիս, որ գործընկեր պետություններից ակնկալում է Իրանի հանդեպ քաղաքականության որոշակի խստացում:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանի չկարգավորված այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսին են վրաց-աբխազական, վրաց-հարավօսական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները:

Ստամբուլում այս ձևաչափով հանդիպումը թվով արդեն 7-րդն է: Նախորդ անգամ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են 2017 թվականին Ադրբեջանի մայրաքաղաքում: