Ստամբուլում ավարտվել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը

Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները քննարկում են Սիրիայի խնդիրը, Ստամբուլ, 27-ը հոկտեմբերի, 2018թ.

Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն է:

Նախագահներ Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և կանցլեր Անգելա Մերկելը վերահաստատել են Սիրիայի պատերազմն ավարտելու հարցը ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող քաղաքական բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը:

Սիրիայում 7 տարի տևող պատերազմի զոհ է դարձել ավելի քան 400 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ տարհանվել են կամ արտագաղթել են:

«Սիրիայի խնդիրը պետք է լուծել ոչ թե զենքի, այլ քաղաքական երկխոսության եղանակով, և գագաթնաժողովի անցկացումը վկայում է, որ կա դրա կամքը», - ասել է կանցլեր Մերկելը:

Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ կստեղծվի հատուկ կոմիտե, որի օրակարգում կլինի Սիրիայի ապագա սահմանադրությունը կազմելը:

Դա, ըստ քառյակի, կստեղծի հիմք՝ Սիրիայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: