ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում 46-ամյա Ռոբերտ Բոուվերզը երեկ երեկոյան հրազենով ներխուժել է Փիթսբուրգի «Կենաց ծառ» սինագոգ և կրակ է բացել հրեա հավատացյալների վրա։ Սպանվել է 11 մարդ։
Բոուվերզը դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել և հանձնվել է։ Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Կա առնվազն 6 վիրավոր, այդ թվում՝ 3 ոստիկան։
Հանցագործը սինագոգում բղավել է համասեմիթական կարգախոսներ և ասել է, թե «բոլոր հրեաներին պետք է սպանել»։
Նրան արդեն ներկայացրել են մի շարք ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ ատելության հողի վրա միտումնավոր սպանություն կատարելու և ապօրինի եղանակով հրազեն պահելու հոդվածներով։ Գրոհի պահին նրա մոտ եղել է մեկ ինքնաձիգ հրացան, երեք ատրճանակ և մեծ թվով փամփուշտներ։
ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզն ասել է, որ այդ հոդվածներով մեղադրյալը կարող է դատապարտվել մահվան։
Իրավապահները հաղորդել են, որ հարձակման նախօրեին մեղադրյալը սոցիալական ցանցում տեղադրել է ատելություն պարունակող կոչեր՝ պնդելով նաև, թե «Հրեից Հոլոքոստի՝ ողջակիզման մասին տեղեկությունները կեղծ են»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Մայք Փենսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ խստորեն դատապարտել են հարձակումը։
Թրամփն ասել է, որ «ողբերգությունը, գուցեև, կհաջողվեր կանխել, եթե սինագոգում այդ պահին զինված պահակ լիներ»։
ԱՄՆ նախագահի խոսքերով, «հարձակվողն արժանի է գերագույն պատժաչափի»։
Դատապարտող հայտարարություններ են տարածել և ԱՄՆ-ի ու, մասնավորապես, Փիթսբուրգի հրեական համայնքին ցավակցություն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ։