Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի վերաբերյալ որևիցե կոնկրետ քննարկում չի եղել․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան կողմը պատրաստ է դիտարկել Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:

«Ազատության» հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարի հետ զրույցի տեսագրությունն ամբողջությամբ:

«Ազատություն». – Ամերիկացի պաշտոնյայի խոսքից հատկապես ուշադրության արժանացավ զենքի մասին նրա հայտարարությունը, որ ամերիկյանն ավելի լավն է, կարող եք դա գնել։ Երևի գիտեք, որ երկու հակոտնյա մեկնաբանություններ են հնչում, որ սա կարող է բալանսի խնդիրը լուծել ռուսական զենքի համեմատությամբ և հակառակը՝ ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ենթադրում եմ, որ որպես պաշտոնյա ինչ-որ մի միջին տարբերակ կառաջարկեք։

Արմեն Գրիգորյան. – Ընդամենը հայտարարությունների մակարդակում է դեռ զենքի վաճառքը, որևիցե կոնկրետ քննարկում այդ առումով չի եղել։ Միացյալ Նահանգները 907-րդ բանաձևի հետ կապված քաղաքական հայտարարություններ է արել, բայց մեր ընկալումները այսպիսին են՝ մենք գտնում ենք, որ տարածաշրջանում հնարավորինս սպառազինությունը մինիմումի պետք է հասցվի։ Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև որևիցե ձևով չեն օգնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ Հայաստանը միանշանակ կողմ է, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ եթե մենք կողմ ենք հակամարտությունը լուծելուն, ապա դա նշանակում է, որ սպառազինությունների մրցավազքը պետք է կանգնեցնել և մեր դիրքորոշումը այս հարցում ավելի շատ այդ տեսանկունից է։

«Ազատություն». – Բայց տեսականորեն կա՞ այդ հնարավորությունը։

Արմեն Գրիգորյան. – Ընդամենը դրանք հայտարարություններ են, որևիցե կոնկրետ բան չկա, մենք չենք կարող որևիցե բան ասել այդ առումով։

«Ազատություն». – Բանաձևը, որը դուք էլ հիշատակեցիք, նաև Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակում է ենթադրում։ Այս դեպքում դա փոխելո՞ւ է ինչ-որ բան, ինչ-որ վիճակ։

Արմեն Գրիգորյան. – Իհարկե, Ադրբեջանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգներին հետաքրքրում են, բայց մենք մեր հարաբերությունները երկկողմ ենք փորձում կառուցել և այս առումով մենք Միացյալ Նահանգների հետ փորձում ենք ուղիղ աշխատել։ Իհարկե, հետաքրքրում են այդ առումով նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, որովհետև դրանք ուղղակի մեզ վրա ազդեցություն են ունենում, բայց այդ առումով ավելի շատ մենք հարաբերությունները ուղիղ ենք կառուցում և պետք է հասկանանք այս շրջանակներում, թե մենք ինչպիսի հնարավորություններ ունենք և մեր ազգային շահերը ինչպես կարող ենք առաջ տանել։