Վանաձորում պետական և համայնքային միջոցներից 99 միլիոն դրամով ընդամենը մեկ շաբաթ առաջ արված ասֆալտը քանդվել է։
Լոռու մարզկենտրոնի տասը փողոցներում իրականացված անորակ աշխատանքից դժգոհ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետից և շինարարական կազմակերպությունից պահանջել է՝ կարճ ժամկետում շտկել թերությունները:
«Էդ աշխատանքները եթե անորակ մնացին՝ չենք ընդունում: Էնքան հարուստ չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ, որ 100 միլիոն դրամ ծախսենք, բայց արդյունքում չունենանք փողոց», - հայտարարել է մարզպետը:
Դեռ ամռանը համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթին ավելի քան 40 տոկոսով ցածր գին է առաջարկել և ասֆալտապատման իրավունք ստացել «Ֆուլ Տրաստ» ընկերությունը, որը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի որդուն՝ Սարգիս Գաբայանին։ Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին պատկանող ընկերության ինժեներ Արման Խալաթյանն արդարացումներով էր եկել մարզպետարան:
«Մենք որ վերցնում ենք ասֆալտը, նմուշ ենք տալիս՝ փորձարկում են լաբորատորիայով, արդյունքը ուղարկում են: Հիմա մենք բերեցինք կոնկրետ՝ էդ արդյունքը լավ գալիս է, մենք տեղադրել ենք՝ նորմալ է եղել տվյալ օրը: Հաջորդ օրը, որ ասֆալտը սառել է, սկսել է ինքն իրենով քանդվել, որը մինչև տեղադրելը չէի կարող իմանալ», - պատմեց ինժեները:
Աշխատանքները վերահսկելու պարտավորություն ունեցող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է՝ մրցույթում նախապատվությունը տվել են ամենացածր գին առաջարկած ընկերությանը։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն էլ 99 միլիոն դրամի զգալի մասը ծախսվելուց հետո միայն արձանագրում է՝ ընկերությունը որակյալ ասֆալտապատում անելու համար անհրաժեշտ մեքենա֊սարքավորումներ չունի:
«Եթե դուք գալիս եք՝ դուք չունեք էդ տեխնիկան, ռուչնոյ ո՞նց կարաք էդ փողոցի փոշին մաքրեք: Էդ ասֆալտը, դաժե ամենաբարձր որակի էլ անեք, էգուց պոկվելուա տակից», - պնդեց Ջանազյանը:
Վանաձորի «Բարի ճանապարհ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գևորգ Քոթանջյանի համար աննախադեպ է իշխանությունների նման արձագանքը քաղաքում իրականացվող անորակ ասֆալտապատման հարցում։ Շեշտում է՝ արդեն երեք տարի բարձրաձայնել են Վանաձորի ճանապարհաշինության ծրագրերով մեծ գումարներ փոշիացնելու մասին, բայց միայն հերքումներ ու զրպարտության մեղադրանքներ են լսել։ Ցույց է տալիս ընդամենը մեկ տարի առաջ պետական միջոցներից 200 միլիոն դրամով վերանորոգված փողոցները. երեք տարվա երաշխիք ստացած շինարարությունից հետո խոր ու անանցանելի փոսեր են գոյացել։
Տարիներ շարունակ Վանաձորում ասֆալտապատում են իրականացրել միայն նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունները։ Գևորգ Քոթանջյանը նկատում է, որ չնայած կոռուպցիոն ռիսկերին այդ ընթացքում հասարակական դժգոհությունից խուսափելու համար աշխատանքները համեմատաբար որակով էին արվում։
«Նախկինում եթե քաղաքապետը ուներ ասֆալտի գործարան ու էդ ամեն ինչը հովանավորչության միջոցով կարող էր յուրացնել և միաժամանակ տալ արդյունք, որից մարդիկ դժգոհ չեն լինի, տվյալ համայնքային իշխանությունը չունի այդ գործարանները և բնականաբար, եթե կոռուպցիոն մեխանիզմով աշխատի, ինքը պետք է ինչ֊որ գումարներ պոկի: Արդյունքում կտուժեն, բնականաբար, աշխատանքները», - ասում է Քոթանջյանը:
Այսօր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց, որ դեռ ժամանակ ունեն և միջոցներ են ձեռնարկում շինարարական կազմակերպությունից պահանջելու՝ վերացնել բոլոր թերությունները։