«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու պաշտոնյաները համաձայնության չեկան

Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հորդորեց հստակ առաջարկներով հանդիպել գալիք շաբաթ ու լսել նաև պաշտոնական կողմի կարծիքը:

Տրանսպորտի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բարձրացրեցին իրենց պահանջներն ու առաջարկները:

Ոստիկանության, Պետեկամուտների կոմիտեի, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների ու Տրանսպորտի նախարարությունների մասնագետների կարծիքը մեկն է՝ աջ ղեկով ավտոմեքենաները վտանգավոր են հայաստանյան երթևեկության համար:

«Օրինակ, վազանցի կամ առջևի տրանսպորտային միջոցի հետևից ձախ շրջադարձի ժամանակ չի՞ սահմանափակվում դիտարկման անկյունը: Կանգառի կամ ուղևորի կանգնեցման և նստեցման հետ կապված․․․ խնդիր ա, չէ՞», - նշեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

ՃՈ-ի տվյալներով, այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2923 ավտովթար, զոհվել է 245, մարմնական վնասվածք ստացել 4278 մարդ: Ըստ պաշտոնական թվերի, այս պատահարներից աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ դեպքերը՝ 335-ն են, դրա հետևանքով զոհերի թիվը՝ 14, իսկ վիրավորներինը՝ 448:

Չընդունելով բերված փաստարկներն ու վիճակագրությունը՝ աջ ղեկով մեքենայի սեփականատերերից մեկը դժգոհեց, ինքն արդեն ներկրել է մեքենան, հիմա ի՞նչ անի:

Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց՝ աջ ղեկով մեքենաների ներկրումն օրենքով արգելված է՝ բացառությամբ այն դեպքերի, եթե ներկրողը մինչև հունվարի 25-ը կատարել է իր մեքենայի գրանցման ու օրինականացման բոլոր վճարումները:

Պաշտոնյաներին հանդիպած նախաձեռնության անդամներն ասացին, որ այս պահին Բագրատաշենի անցակետում 150-ից ավելի մեքենաներ կան կանգնած, ու չեն կարողանում օրենքի արգելքի պատճառով գրանցել, ևս մի քանի հազարն էլ ներկրման ճանապարհին են:

Փոխնախարար Փամբուխչյանը հետաքրքրվեց, եթե օրենքն արգելում է՝ ինչո՞ւ եք փորձել ներկրել: Պատասխանեցին՝ ոչ բոլորն էին տեղյակ:

Հանդիպումը կառուցողական համարող նախաձեռնության անդամներից Արթուր Միսակյանն ասաց, իրենց պահանջը մեկն է՝ չեղարկել ներկրման արգելքը․ - «Արգելքը սահմանել 2019 թվականի դեկտեմբերի 25-ից հետո: Իրենց առաջարկ էն էր, որ կա հնարավորություն ներմուծել մեքենաները Հայաստան, որից հետո ղեկի տեղափոխումը տեղի ունենա Հայաստանում: Մենք չեն տվել մեր համաձայնությունը, մենք չենք տվել մեր անհամաձայնությունը: Որովհետև վաճառելու համար մարդը կարող է ցանկություն ունենա ղեկը տեղափոխել, իսկ անձնական օգտագործման համար մարդը չի ուզում ղեկը տեղափոխել»:

Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հորդորեց հստակ առաջարկներով հանդիպել գալիք շաբաթ ու լսել նաև պաշտոնական կողմի կարծիքը:

Եզրափակելով հանդիպումը՝ փոխնախարարն ասաց, որ եթե շարունակեն որպես հիմնական պահանջ ներկայացնել օրենքի չեղարկումը՝ կոնսենսուս չի լինելու․ - «Մենք ունենք բացասական գնահատականներ այլ գերատեսչությունների կողմից օրենսդրական փոփոխությունների մասով, երբ որ օրենքը ընդունվել է, և այսօր էլ այդ գերատեսչությունները մնում են իրենց դիրքորոշմանը: Ու մինչև մենք նախաձեռնենք օրենսդրական փոփոխությունները, մոտենալու է այն ժամանակահատվածը, երբ որ գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերի մասին օրենքը, որը որ առհասարակ արգելելու է՝ 2020 թվականի հունվարի 1-ից»:

Իշխանությունների կարծիքով՝ այս խնդիրը այնքան էլ մեծ չէ, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գրանցված մեքենաների միայն ութ տոկոսն են աջ ղեկով: