Արմեն Սարգսյան․ «Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում Crans Montana ֆորումի նստաշրջանին, Ժնև, 26-ը հոկտեմբերի, 2018թ․

«Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները», - հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ Ժնևում ելույթ ունենալով Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:

«Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաև Ռուսաստանում: Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է», - ասել է Սարգսյանը՝ ամփոփելով․ - «Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միևնույն ժամանակ լինել նաև համաշխարհային ազգի առաջնորդ»:

Հայաստանի նախագահն իր ելույթում անդրադարձել է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարևորությանը:

«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,- ասել է Արմեն Սարգսյանը: - «Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության և քվանտային քաղաքականության ժամանակաշրջան»:

«Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլևս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ «նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում և որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է»: «Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա», - ասել է Հայաստանի նախագահը և շարունակել․ - «Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին և այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով և կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:

«Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով», - շեշտել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին՝ Սարգսյանը ասել է․ - «Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է: Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարևան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք»:

«Սա նաև գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ և ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը: Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարևոր սոցիալական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարցեր: «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը և տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: