ՀՀԿ-ն լինելու է արմատական ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան

Հանրապետականը (ՀՀԿ) լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ըստ Բաղդասարյանի, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քաղաքական ցուցակով:

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ ենք ասել, որ եթե մասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա ձեր ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը։

Բաղդասարյան. - Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև մենք այդ հարցի քննարկումը կանենք մոտակա օրերին, քննարկումից հետո դրա մասին կխոսենք։

«Ազատություն». - Կուսակցության շարքերում ինչպիսի՞ մտադրություններ կան, ինչպիսի՞ ցանկություններ կան։

Բաղդասարյան. - Կուսակցության ցուցակը մասնակցության դեպքում պետք է լինի միանշանակ քաղաքական ցուցակ, այդքանը կարող եմ ասել, իսկ մնացածը մոտ օրերս դուք հայտարարությունների արդյունքում կիմանաք։

«Ազատություն». - Գործարարներ այլևս չե՞ք ընդգրկի, ինչպես միշտ արել եք։

Բաղդասարյան. - Քաղաքական զարգացումների արդյունքում այս ճանապարհում մենք այդ քայլերը կատարում ենք, առավել ևս մենք ընդդիմադիր կերպարով ենք հանդես գալիս և պետք է որպես ընդդիմություն հանդես գանք, և մեր ցուցակը կլինի հարիր ընդդիմադիր ցուցակ։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք չբացառել, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը կգլխավորի ձեր այդ քաղաքական ցուցակը, թե՞ սա բացառվում է։

Բաղդասարյան. - Քանի որ միանձնյա կարծիքներ մենք չենք հայտնում և քանի որ մեր համաժողովը մոտ օրերս պետք է տեղի ունենա և դրա վերաբերյալ չկա քաղաքական որոշում, մի փոքր համբերությամբ զինվեք, և մենք կհայտարարենք դրա մասին։