«Գնում ենք՝ խորհրդարանում լինելու երկրորդ ուժը». Գորգիսյան

«Մենք գնում ենք՝ խորհրդարանում լինելու երկրորդ ուժը», - այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

«Կրելու ենք հեղափոխության բոլոր այն արժեքները, հանուն որի տեղի է ունեցել հեղափոխությունը, և լինելու ենք այն ուժը, ով փոխզսպելու է իշխանություններին՝ թույլ չտալու, որպեսզի նա մի քայլ անգամ շեղվի այն արժեքներից, հանուն որի տեղի ունեցավ հեղափոխությունը», - ասաց Գորգիսյանը։

«Ելք» խմբակցության ներկայացուցչի խոսքով՝ նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որը հիմա կա։

«Մենք մինչև այսօր ինչին ենք սովոր, որ իշխանությունը դա կոռումպացված, հանցագործ ինչ-որ խումբ է, և ընդդիմությունը նույնիսկ ատելության աստիճան, ինչ-որ ագրեսիայով իշխանության դեմ է։ Մենք հիմա ունենք այլ իրողություն՝ իշխանությունում չկան կոռումպացված թալանչիներ, ժողովրդական լեզվով ասած, հանցագործներ, քրեաօլիգարխիկ տարրեր և չեն էլ լինելու։ Այդ պարագայում գնալու է ուղղակի մտքերի, ծրագրերի և գաղափարների բախում, և այստեղ ագրեսիվ լինելու որևէ նպատակ կամ իմաստ չկա», - ասաց Գորգիսյանը՝ հավելելով. - «Ելք» դաշինքը հաջողված դաշինք է, և դրա հաջողության գրավականն ու գաղտնիքը հենց այն էր, որ մենք կարողանում էինք ներսում միմյանց փոխզսպել և այդ նույն փոխզսպումները մենք իրականացնելու ենք խորհրդարանում։ Մենք գնում ենք՝ խորհրդարանում լինելու երկրորդ ուժը»։

Հոկտեմբերի 24-ին ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր հետո կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: