Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է՝ այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ «Հիդրոմետ»-ը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ Հայաստանի բոլոր շրջաններում, վաղը ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 8-10, առաջիկա գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։
Երևանում այսօր և առաջիկա գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կիլոմետրը փակ է՝ այլընտրանքային երթուղի է Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: