Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախաձեռնությամբ առաջիկայում քննարկումներ կանցկացվեն աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարող խմբի հետ:
«Վաղը տեղի են ունենալու քննարկումներ և կարծում եմ դա շարունակական բնույթ կկրի: Այսօր ես իմացա, որ իրենց պահանջը հստակեցրել են և ասում են, որ առաջարկում են, որ աջ ղեկը ուղղակի թույլատրվի և վերջ, աջ ղեկի ներմուծումը, այսինքն արգելքը վերացվի: Այդ առումով հիմա տեղի են ունենալու քննարկումներ, վաղվանից սկսած», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Հակոբ Արշակյանը:
Վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում, պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ մասին իմանալով, իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ մշտական:
Տեղի ունեցածը Արշակյանը համարեց թյուրըմբռնում՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր ներկրման բիզնեսով են զբաղվում, նախքան մեքենաներ բերելը պետք է օրենքում ստուգեին՝ արդյոք այդտեղ հոկտեմբերի 1 կա թե ոչ:
«Սկզբում, ըստ էության, որոշել են, որ 6 ամիսը մեկ կարգելեն: Հետո ուղղակի հանել են այդ սահմանափակումը», - պարզաբանեց տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարը՝ մանրամասնելով․ ֊ «Դա տեղի է ունեցել Ազգային ժողով մտնելու ժամանակ»:
Լրագրողների հարցին, թե կարո՞ղ են որպես ոչ տրանսպորտային միջոց ներկրել, նախարարը պատասխանեց, որ կարող են ներկրել որպես պահեստամաս:
Արշակյանը հստակեցրեց, որ օրենքի փոփոխությունը կախված չէ իրենից, ինքը կարող է միայն քննարկումներ նախաձեռնել և դա արել է: