Կինոյի տանը ներկայացվեց Ռաստորգուևի անավարտ ֆիլմը՝ թավշյա հեղափոխության մասին

Հայաստանի թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանած հայտնի ռուս ռեժիսոր, «Տեֆի», «Նիկա» մրցանակների դափնեկիր, լրագրող Ալեքսանդր Ռաստորգուևը սպանվել է ամիսներ առաջ՝ Կենտրոնական Աֆրիկայում: Հայաստանում նկարած ֆիլմը՝ «Վերջին օրը», հեղինակի համար ճակատագրական եղավ:

Երեկ Երևանում՝ Կինոյի տանը ներկայացվում էր նրա անավարտ ֆիլմերի ալմանախը: Չորս անավարտ նախագծերից մեկն էլ հայկական թեմային էր առնչվում:

«Գլխավոր հերոսը մեծանում է, ուրեմն ֆիլմն էլ պետք է մեծանա»,- անավարտ նախագծերի մասին պատմում էր ֆիլմի համահեղինակ, Ռաստորգուևի գործընկեր, ազգությամբ հայ Սուսաննա Բարանջիևան՝ հիշելով, թե ինչպես ապրիլին հենց Սաշան պնդեց, որ պետք է Երևան գնալ:

«Ապրիլի 21-ին Երևանում էինք և արդեն 22-ին Փաշինյանի հետ Նորքի զանգվածից իջնում էինք կենտրոն: 23-ին ձերբակալություն, ռազմական ճնշում, ժողովրդի այդ հզոր անհնազանդությունը․․․ Գիշերը ողջ հայ ազգը փողոցում էր, մենք հոգևոր բարձունքի վրա էինք ու այդ պահին Սաշան հեկեկալով ասաց՝ ես երբեք չեմ տեսնի սա Ռուսաստանում: Ես ասեցի՝ ինչ ես ասում, Սաշա, ամեն ինչ կստացվի», - պատմում է Բարանջիևան: - «Ֆիլմն անավարտ է, որովհետև Սաշան մտածում էր, որ հեղափոխությունը մի քանի փուլ ունի, և դեռ գալու ենք Հայաստան: Բացի այդ՝ գլխավոր հերոսը բանակում էր: Նա ինձ գրել էր՝ գլխավոր հերոսը մեծանում է, ուրեմն ֆիլմն էլ պետք է մեծանա»»:

«Հայաստանի հետ կապը եղել է միշտ», - պատմում էր կինոռեժիսորի հայ գործընկերը՝ ուշագրավ փակագծեր բացելով Ռաստորգուևի մաթևոսյանական անցյալի մասին․ - «Մի օր ասացի՝ գիտե՞ս, Հայաստանում ապրում է Մարկեսի մակարդակի գրող: Նա միանգամից իր ուսապարկից Հրանտ Մաթևոսյանի գիրքը հանեց ու ասաց՝ երազում եմ մաթևոսյանական կինո նկարեմ: Մենք դա արեցինք ու հենց այդ օրից, ու հենց այդ մեր այցից հետո Սաշան ուղղակի սիրահարվեց Հայաստանին»:

Ռուս հայտնի գործչի ստեղծագործական կյանքը ընդհատվեց շատ արագ: Նա ընդամենը 47 տարեկան էր: Գործընկերների պնդմամբ՝ երեկ ներկայացված անավարտ նախագծերը շատ փոքր մասն էին կազմում նորարար ռեժիսորի խելահեղ ծրագրերի: