ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում. Բոլթոն

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Հրայր Թամրազյան. - Պարոն Բոլթոն, մենք գիտենք, որ Դուք հենց նոր հադիպեցիք Հայաստանի վարչապետի հետ։ Ինչո՞վ կարող եք կիսվել մեզ հետ, ի՞նչ է քննարկվել, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը նոր կառավարությունից։

Ջոն Բոլթոն. - Քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ: Վարչապետին ասացի, որ սա ակնհայտորեն շատ ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ։ Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խմդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի։ Բնականաբար, շատ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի [հովանու ներքո ընթացող] գործընթացի մասին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարևոր դերի մասին, խոսեցինք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի մասին։ Ես շեշտեցի, որ Միացյալ Նահանգները, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում: Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, ինչպես նաև որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը:

Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ՝ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում:

Հրայր Թամրազյան. - Ձեր նոր արած մեկնաբանության վերաբերյալ մի ճշտող հարց. ինձ թվում է, որ նրա վարկանիշը շատ բարձր է։

Ջոն Բոլթոն. - Ես նրան հարցրել եմ՝ ո՞րն է նրա գաղտնիքը։

Հրայր Թամրազյան. - Պատրաստվում եք արդյո՞ք օգնել այս նոր կառավարությանը հզորացնել ժողովրդավարական հաստատությունները ու, գուցե, որոշ ամերիկյան ներդրումներ ներգրավվել Հայաստան։ Կա՞ն կոնկրետ առաջարկություններ: Կարող ե՞ք պատմել մեզ։

Ջոն Բոլթոն. - Այո, մենք խոսեցինք կոնկրետ Հայաստանում ամերիկյան ուղիղ ներդրումների ավելացման հեռանկարի մասին։ Ասացի նրան և նրա խորհրդականներին և ավելի վաղ կայացած հանդիպումների ժամանակ՝ արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, ազգային անվտանգության խորհրդականին, որ ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է և ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը։ Այնպես որ, կան մի քանի բաներ, որ մենք ուզում ենք դիտարկել այնտեղ, և հուսով եմ, որ կկարողանանք ինչ-որ բան սկսել, որովհետև կարծում եմ, որ Հայաստանը որքան ավելի շատ է բաց արտաքին աշխարհի համար և չի սահմանափակվում իր սահմաններով՝ հատկապես ինտերնետի դարում, հնարավոր կլինի հաղթահարել սահմանների հետ կապված որոշակի խնդիրներ, և գուցե ամերիկյան ներդրումները դա դյուրացնելու հնարավոր եղանակ լինեն:

Հրայր Թամրազյան. - Պարոն Բոլթոն, կուզենայի Ձեզ մի փիլիսոփայական մի հարց ուղղել, քանի որ ինքս ձեզ փիլիսոփա կհամարեի: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության վերաբերյալ։ Արդյո՞ք այն ապագա ունի։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի այս տարածաշրջանում, և կան որոշակի մտահոգություններ՝ կապված տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի, Վրաստանի և այլ պետությունների ինքնիշխանության հետ։

Ջոն Բոլթոն. - Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։

Հրայր Թամրազյան. - Հարցս վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը: Գիտենք, որ անվտանգության առումով Ռուսաստանը այստեղ մեծ խաղացող է։ Բայց որո՞նք են այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար։ Դա ՆԱՏՕ-ի անդամակցությո՞ւնն է, ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ հարաբերությունները, թե ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցություն: Որո՞նք են այդ այլընտրանքները։

Ջոն Բոլթոն. - Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում զենքի վաճառքի բնագավառում։ Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ:

Հրայր Թամրազյան. - Դա կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ...

Ջոն Բոլթոն. - Այո, հակամարտության պատճառով։ Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է [Թրամփի] վարչակազմի համար։

Հրայր Թամրազյան. - Մյուս կողմից մենք շրջապատված ենք երկրներով, որոնք մինչ օրս բլոկադայի են ենթարկում Հայաստանը։ Ադրբեջանի հետ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով է: Թուրքիան նույնպես, քանի որ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շրջափակման մեջ է պահում Հայաստանին: Իրանը մեր ամենամեծ հարևանն է, բայց ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում: Ռուսաստանը նույնպես պատժամիջոցների թիրախ է, բայց Ռուսաստանը մեծ շուկա է, այդ թվում աշխատուժի շուկա է Հայաստանի համար: Որո՞նք են Հայաստանի տարբերակները այստեղ:

Ջոն Բոլթոն. - Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները:

Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերիը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի:

Հրայր Թամրազյան. - Դուք օրերս հանդիպեցիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ողջ աշխարհը ձեր հանդիպման կադրերն էր ցուցադրում, դուք ծիծաղում էիք այնտեղ: Ինչպե՞ս ընթացավ այն հանդիպումը: Արդյո՞ք կա առաջընթաց ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից, թե՞ պատժամիջոցները լրիվ ուժով կկիրառվեն:

Ջոն Բոլթոն. - Մենք քննարկել ենք մի շարք հարցեր: Դա նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև Հելսինկիում [հուլիսին] կայացած հանդիպմանը հաջորդող հանդիպում էր: Օգոստոսին հանդիպեցի իմ ռուս գործընկերոջը Ժնևում: Այս [վերջին այցը] վերադարձ Մոսկվա էր, ուստի ես հնարավորություն ունեցա հանդիպելու նաև արտաքին գործերի, պաշտպանության նախարարի և իհարկե, Պուտինի հետ, և մենք մեկուկեսժամյա քննարկում ունեցանք: Դա շատ պրոֆեսիոնալ, շատ ծավալուն քննարկում էր: Նախագահ Պուտինն ինքն է սպառազինությունների վերահսկման փորձագետ: Այնպես որ մենք երկար քննարկում ունեցանք «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի և նախագահ Թրամփի կողմից հնչեցված Ամերիկայի՝ այս պայմանագրից դուրս գալու պատճառները: Խոսեցինք սպառազինությունների վերահսկման այլ պայմանավորվածությունների, երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մասին: Անդրադարձանք Մերձավոր Արևելքում համակամարտություններին, Իրանի և Հյուսիսային Կորեայում միջուկային ծրագրի մի շարք ասպեկտներին:

Կարծում եմ՝ դրանք օգտակար են, որովհետեւ ես համոզված եմ, որ Ռուսաստանը իր արտաքին քաղաքականությունը վարում է իր ազգային շահերի հիման վրա: Եվ ես կարծում եմ, որ մենք հաջողության ենք հասնում Ռուսաստանի հետ, երբ երկու կողմերն էլ անկեղծ են իրենց ազգային շահերի վերաբերյալ: Երբեմն մենք պարզապես համաձայնության չենք հասնի: Սակայն մեկ այլ ժամանակ, երբ խոսենք այս խնդիրների մասին, կկարողանանք:

Այնպես որ, հուսով ենք, որ երկու նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում՝ Զինադադարի շքերթի ժամանակ (նոյեմբերի 11-ին): Կան այլ հնարավորություններ: Ես նախագահ Պուտինին նախագահ Թրամփի հրավերն եմ փոխանցել՝ այցելելու Վաշինգտոն:

Հրայր Թամրազյան. - Մենք գիտենք, որ Ձեր կինը աշխատել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում, և Դուք ինչ-որ տեղ նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ընտանիքի մի մասն եք։ Ի՞նչ գիտեք «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մասին: Մեր առաքելության մասին ի՞նչ կարծիք ունեք:

Ջոն Բոլթոն. - Կարծում եմ՝ այսօր այդ առաքելությունը շատ-շատ առումներով մնում է կարևոր։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի շատ միջոցներ հատկացնել դրան: Շատ կարևոր է տեղեկատվություն տալ այն մասին, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը տարբեր խնդիրների վերաբերյալ, պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում և ինչպես է այն ազդում աշխարհի այլ մասերի վրա: Մենք շատ երկրներում այլ պետությունների կողմից տարվող շատ ակտիվ քարոզչական արշավների ենք ականատես լինում: Դա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին չէ: Այն ամերիկյան լրատվամիջոցների ոգով է ներկայացնում պատմության բոլոր կողմերը: Եվ դա մեր պետության էությունն է: Եվ կարծում եմ՝ «Ազատությունը» ողջ աշխարհին ցույց է տալիս, որ մենք քննարկումներից չենք վախենում, բայց վճռական ենք քարոզչության դեմ պայքարելու հարցում: