ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Բոլթոնին դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նա «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել։
Այսօր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Երևանում հանդիպումներ է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
«Հանդիպումը նախատեսված է վարչապետի հետ, հանդիպումներ են լինելու նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին տասնամյակներում», - հայտարարել էր արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ կայացած մամուլի ասուլիսում ասել էր, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Նա նաև նշել էր, որ Իհլահ Ալիևի հետ կայացած հանդիպմանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել։