Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, նման միջնորդություն է ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․ - «Ժամեր առաջ վարչապետը գրությամբ դիմել է ինձ և «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին՝ առաջարկելով արտահերթի օրակարգում ներառել համաներման նախագիծը: Մենք դիմեցինք Արա Բաբլոյանին: Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահը հաստատեց, որ մեր առաջարկը ընդունված է: Եվ այն կարևոր խնդիրը, որին անհամբեր սպասում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կալանավորներ, նրանց մի մասի խնդիրը, մենք կարծում ենք, որ այս նախագծով կլուծվի»:
Համաներման մասին նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան: Եթե Ազգային ժողովը ընդունի այն, պատժից ազատվեն 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը, «Արժեքների հեղափոխության» գործով արդեն 5 տարի ազատությունից զրկված Շանթ Հարությունյանը։
Քրեական հետապնդումից կազատվեն նաև 2016 թվականին ոստիկանության գունդը գրավված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց արարքները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան։
Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը սա ճիշտ քայլ են համարում։
Արթուր Սաքունց․ - ««Սասնա ծռերի» հետ կապված, հենց մեր գործող Քրեական օրենսգրքի դրույթներն էին ամրագրում, որ պետք է ընդհանրապես քրեական հետապնդումը դադարեցվի, երբ որ մարդիկ, որոնք զավթել են շենք, կամավոր հանձնում են: Մեր աչքի առաջ է եղել, որ մարդիկ հանձնվեցին: Կարծում եմ, համաներումը այդ առումով լիովին արդարացված է, հիմնավոր է, իսկ ոստիկանների մահված հանգամանքներով փաստերի քննությունը պետք է շարունակվի»:
Լևոն Բարսեղյան․ - «Այս իմաստով ես համամիտ են այն դիրքորոշման հետ, թե սպանության մեջ կասկածվողները հիմա չպիտի օգտվեն համաներման հնարավորությունից»:
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծով, համաներումը չի տարածվի հեղափոխությունից հետո հարուցված մի շարք աղմկահարույց գործերի վրա։ Մանսավորապես, քրեական հետապնդումը չի դադարի 2008 թվականի մարտի մեկի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, ինպես նաև ապօրինի զենք պահելու և բանակից յուրացումներ կատարելու համար կալանավորված գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
«Այն մեղադրանքը, որը տրվել է Քոչարյան Ռոբերտին, բավականաչափ ծանր մեղադրանք է: Այս իմաստով, եթե նման մեղադրանքը համաներմամբ հանվի, սա խայտառակ նախադեպ կլինի հետագայում համանման գործողություններ կատարողների համար», - ասաց Լևոն Բարսեղյանը:
Սաքունցը հավելեց․ - «Այդ գործողության հետևանքով հարյուրավոր մարդիկ ապօրինի ազատազրկվել են, քրեական հետապնդումների են ենթարկվել, մահացել է առնվազն տասը մարդ, հազարավորները զրկվել են աշխատանքից, սեփականազրկվել են հարյուրավորները»:
Քրեակատարողական հիմնարկներում այս պահին շուրջ 3 հազար կալանավոր ու դատապարտյալ կա։ Թե քանիսը նրանցից ի վերջո ազատ կարձակվեն, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն առայժմ չի նշում:
Առաջակվող համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 3 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից, եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։ Անզգուշությամբ հանցագործություն կատարած և մինչև 5 տարով դատապարտվածները, անկախ պատժի կրման չափից, ազատ կարձակվեն համաներման մասին օրենքի ընդունումից հետո։
Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։
Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչև 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։
Համաներումը չի տարածվի ցմահ ազատազրկվածների, ինչպես նաև վերջին տասը տարում համաներումից օգտված ու հանցագործություն կատարածների վրա: