Բացահայտվել է ԱԺ պատգամավորի կողմից խոշոր կաշառք ստանալու դեպք

Կաշառառության մեջ կասկածվող պատգամավորի անունը կբացահայտվի բանկային փոխանցման փաստաթուղթը ստանալուց հետո:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացահայտում այն պատգամավորի անունը, որի մասին այսօր խոսել է Ազգային ժողովում․ - «Որ օրը այլ երկրներից մեկի արտգործնախարարությունը, ի վերջո, էդ թուղթը կտա, և դա կհասնի մեզ, ես կարծում եմ, դրանից հետո»:

«Ես ասեցի, որ մենք սպասում ենք թղթի, էդ թղթի պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը, որը ֆաքսով է, օրինակ, ուղարկվել, էսօր արդեն կա, մենք ունենք», - հավելեց նա:

Փաշինյանը չհստակեցրեց, թե որ խմբակցությունից է այդ պատգամավորը: Հարցին, թե արդյոք սա կաշառառության ամենախոշոր դեպքն է, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․ - «Կարծում եմ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց բացահայտվածներից ամենամեծն է»:

Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու այն դեռ չեն ստացել, քանի որ 3 ամիս է ամեն օր սպասում են այդ թղթին:

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ասաց, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու՝ կաշառքի գործով։ Փաշինյանն անուն չտվեց, բայց նշեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից սպասում են կոնկրետ փաստաթղթի, որը հնարավորություն կտա իրականացնել կալանավորումը։