Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա. Բոլթոն

Այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ջոն Բոլթոնն ասել է, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ:

«Բանակցությունների թեմաներն էին տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հակամարտությունը, ԱՄՆ-ի ջանքերը՝ կանխելու Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունն ու միջուկային զենքի մշակումները: Շոշափվել են նաև տնտեսական ծրագրեր, ինչպիսն է «Հարավային միջանցք» գազային ծրագիրը»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ ասել է նա:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին, Ջոն Բոլթոնն ասել է, թե Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չի բերել: Նրա համար չի եկել, որ տարածաշրջանում փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Ես մտադիր եմ ավելի լավ հասկանալ և ուսումնասիրել այս կամ այն խնդիրները»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը:

«Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա կիսեց իր պատկերացումները կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Վաղը ես լինելու եմ Երևանում և հուսով եմ այդ թեման քննարկել Հայաստանի ղեկավարների հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»:

Լրագրողները նաև հարցրել են, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրները, մասնավորապես նաև «Ազատություն» ռադիոկայանի՝ 2014 թվականից փակված Բաքվի գրասենյակի հարցը:

Ջոն Բոլթոնն ասել է, որ այդ հարցերը կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար ու նախագահ Ալիևի հետ արդյունավետ երկխոսություն է ունեցել: «Կարծում եմ շատ ոլորտներ կան, որտեղ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել»,- ասել է նա:

Ըստ «Թուրան»-ի՝ Բոլթոնն ասել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացրել է մարդու իրավունքների թեման, սակայն կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի խնդիրը չի բարձրացրել: Նա հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե ԱՄՆ-ն մտադիր չէ ուրիշ երկրներին դասախոսություն կարդալ: