Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը վաղը ժամանելու է Հայաստան՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը նշեց, որ Բոլթոնին Երևանում ընդունելու են բարձր մակարդակով, բանակցություններ են նախատեսված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվելու է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
«Վաղը Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Հանդիպումը նախատեսված է վարչապետի հետ, հանդիպումներ են լինելու նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին տասնամյակներում», - հայտարարեց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
Բոլթոնի այցի հետ կապված Նաղդալյանը զերծ մնաց այլ մանրամասներ ներկայացնելուց:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևան է ժամանելու Բաքվից: Հայաստանից Ջոն Բոլթոնը կմեկնի Վրաստան՝ ավարտելով իր տարածաշրջանային այցը, որն, ինչպես հայտնի է, մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին Մոսկվայում, ուր երեկ Բոլթոնին ընդունել էր և մոտ մեկևկես ժամ բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Միացյալ Նահանգները ներկայացնող բարձրաստիճան անձանց այցերը Երևան: Երկուշաբթի Հայաստանի մայրաքաղաք այցելեց ԱՄՆ նախագահի խորհրդական ու փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ով «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, և ինքը ճանաչում է այն:
Անցած շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա նույնպես արժանացավ բարձր կարգի ընդունելության՝ հանդիպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Է՛լ ավելի վաղ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ այս տարի Վաշինգտոնը 14 միլիոն դոլարով ավելացրել է Երևանին հատկացված օգնությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար Թրամփի վարչակազմը մտադիր է 20 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանին հատկացվող օժանդակությունը:
Միացյալ Նահանգներին առնչվող թեմայով Աննա Նաղդալյանն այսօր նաև ուշագրավ հայտարարություն արեց՝ պաշտոնական Երևանին հավաստիացրել են, որ Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված ամերիկյան Bell-412 ուղղաթիռները ռազմական նշանակության չեն:
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում, և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունության տարածմանը: Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են, որոնք արտակարգ իրավիճակներում կիրառման համար [են], և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն: Սա վերաբերում է նաև երրորդ կողմի միջոցով զենքի գնման իրականացման դեպքում: Դրանք ունեն զուտ քաղաքացիական կիրառելիություն և պետք է կիրառվեն արտակարգ իրավիճակներում․ պարզապես կրկնեմ այն, ինչ որ մեզ վստահեցրել են», - հայտարարեց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը:
«Ազատության» խնդրանքով արտգործնախարարության մամուլի քարտուղարն անդրադարձավ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին: «Այս հարցի առնչությամբ մեր նախորդ բրիֆինգներից որևէ նոր բան հայտնել չեմ [կարող], պարզապես պետք է նշեմ կրկին, որ խորհրդակցությունները ՀԱՊԿ համապատասխան մարմիններում դեռևս շարունակվում են, և խորհրդակցությունը վերաբերում է՝ ՀԱՊԿ կանոնակարգերի շրջանակներում կոնսենսուսային լուծումներ գտնել, ինչպես նաև հենց այդ կանոնակարգերը հստակեցնելու շուրջ: Ինչպես գիտեք՝ ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված չէ, որ լինի գլխավոր քարտուղարի փոփոխման որևէ ընթացակարգ, և խորհրդակցությունը ընթանում է նաև դրա շուրջ: Խորհրդակցությունների արդյունքները, արդեն ինչպես ասել էի, երբ որ ներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը, հայտնի կդառնան հանրությանը», - նշեց Նաղդալյանը:
2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործի շրջանակներում այս տարվա հուլիսի 27-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց: Նա չի ընդունում այդ մեղադրանքը: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Խաչատուրովը Հայաստանից վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից: