Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 24-ը հոկտեմբերի, 2018թ․

Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:

«Ժողովրդի կարծիքն է էն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չէ: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր, հոպ, արթնանանք տենանք Ղարաբաղի հարցը լուծվել է և տենց մնացել ենք մենք կամ հանրությունը․․․ էդպիսի բան չի կարող լինել ուղղակի», - ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ եթե լինի ղարաբաղյան հարցի լուծման այնպիսի տարբերակ, որը ինքը կհամարի արժանի ներկայացնելու ժողովրդի քննարկմանը, ապա առաջին քայլը հենց դա կլինի․ - «Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսի մասին, նշանակում է՝ մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Իմիջիայլոց, ասեմ՝ էդ կապակցությամբ իմ խոսքերը նույնպես նենգափոխում են, ասում են, որ ես ասել եմ, որ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ես էդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից»:

Փաշինյանը ընդգծեց, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի պատկերացնում հարցի կարգավորում, շարունակելով․ - «Ենթադրենք, ես ասեմ, այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ ղարաբաղյան հարցի լուծում, հա, հայտարարեցի, դրանից իրականություն փոխվո՞ւմ է՝ չի փոխվում իրականություն»:

Ըստ նրա, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ունեցել են Ղարաբաղի անունից բանակցելու մանդատը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է եղել, Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման լիդերներից է, իսկ իր պարագայում չկա նման գործոն: