Պուտինը և Բոլթոնը հնարավոր են համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփման եզրեր գտնելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, Մոսկվա, 23-ը հոկտեմբերի, 2018թ․

Մոսկվայում երեկ երեկոյան կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Պուտինը ասել է, թե պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք միջոցառումների ժամանակ, որոնց երկուսն էլ մասնակցելու են:

Ջոն Բոլթոնը ասել է, թե կարծում է՝ ԱՄՆ նախագահը անհամբերությամբ կսպասի Փարիզում Պուտինի հետ հանդիպմանը:

Հաջորդ ամիս Թրամփը և Պուտինը Ֆրանսիայում են լինելու, որտեղ մասնակցելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ռուսաստանի նախագահը ասել է, թե Ջոն Բոլթոնի հետ քննարկելու է սպառազինությունների վերահսկման հարցերը՝ ներառյալ անցած շաբաթավերջին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները դուրս կգա 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից:

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ Վլադիմիր Պուտինը ասել է, թե Ջոն Բոլթոնի հետ կցանկանար խոսել ոչ միայն որպես անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի, այլև որպես զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտի մասնագետի հետ:

Բոլթոնը հույս է հայտնել, որ կգտնի Պուտինի հարցերի պատասխանները, և նշել է, որ իր հետ «ձիթենու ճյուղ չի բերել»: «Ես այդպես էլ գիտեի», - արձագանքել է Պուտինը՝ առաջացնելով երկու պատվիրակությունների անդամների ծիծաղը:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ զինանշանի արծվի ճանկերում ոչ միայն նետեր են, այլև՝ ձիթենու ճյուղ: «Որքան հիշում եմ՝ Միացյալ Նահանգների զինանշանին արծիվ է պատկերված, որը մի կողմում 13 նետ է պահում, մյուս կողմում՝ ձիթենու ճյուղ 13 ձիթապտուղներով՝ որպես խաղաղասեր քաղաքականության նշան: Հարց ունեմ՝ արդյո՞ք ձեր արծիվը բոլոր ձիթապտուղները կերել է, և միայն նետերն են մնացել», - ասել է Պուտինը՝ նորից առաջացնելով պատվիրակությունների անդամների ծիծաղը:

«Եթե հիշում եք՝ ձիթենու ճյուղը արծվի աջ ոտքի ճանկերում է, այնպես որ՝ նա այդ կերպ է ներկայացնում առաջնահերթությունը», - պատասխանել է Բոլթոնը:

Պուտինը, ինչպես երևում է, մինչ հանդիպումը լավ ուսումնասիրել է ԱՄՆ զինանշանը, և նաև ասել է, թե զինանշանի վրա գրառում կա՝ «Միասնություն և բազմազանություն»: «Դրա համար, չնայած տարբեր մոտեցումներին, կարելի է և պետք է շփման կետեր գտնել, ես այդպես եմ կարծում», - ասել է նա:

Բոլթոնը ևս իր խոսքում նշել է շփման եզրեր գտնելու հնարավորությունը: «Չնայած տարաձայնություններին, որոնք գոյություն ունեն մեր ազգային շահերի տարբերությունների պատճառով, դեռևս կարևոր է աշխատել այն ոլորտներում, որտեղ փոխադարձ համագործակցությունը հնարավոր է», - հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: