«Ես գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հետաքրքրված է բանակով, և նրա համար սա առաջնային խնդիրներից մեկն է: Բայց հիմա ես տեսա, որ այդ հարցը առաջնային խնդիր չի դարձել իշխանությունների համար: Ո՞նց կարող է ինը դեպք լինի էդ հեղափոխության ընթացքում, և վարչապետի ուշադրության կենտրոնում չլինի այդ հարցը: Որովհետև դա մարդու կյանքի իրավունքի հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատրաստած տեղեկանքի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում այս տարվա առաջին 9 ամիսներին գրանցված մահվան դեպքերից 5-ը սպանության դեպքեր են, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքերից միանգամից 5-ը տեղի են ունեցել մայիս մասին, ինչն արդեն գրավում է իրավապաշտպանների ուշադրությունը։
«Ապրիլ ամսին էլի հեղափոխական շրջան էր, այդ ժամանակ էլ կա դիտավորյալ սպանության մի դեպք», - հավելեց Ժաննա Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պետք է այցելեր այն զորամասերը, որտեղ գրացվել են մահվան դեպքերը կամ հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանինքներին, սակայն իրեն, համենայն դեպս, նման դեպքեր հայտնի չեն․ - «Ըստ ծնողի, նրան ընդունարանում ասել են՝ դու ավելի լավ ա գնա, կառավարության շենքի մոտ նախարարին բռնացրու: Էսպիսի պատասխան է ստացել նաև մեր ծնողը»:
Բանակում տեղի ունեցած վերջին ու ամենամեծ աղմուկը բարձրացած դեպքերից մեկը գրանցվել է հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում։ Դեռ ընդամենը 2 ամիս առաջ բանակ զորակոչված, բարձրագույն կրթությամբ Գևորգ Հարոյանը ընտանիքին շարունակ ահազանգել է նվաստացումների և ստորացման մասին, իսկ սեպտեմբերի 29-ին մորն ու եղբորը խնդրել է այցելել իրեն։ Ըստ հարազատների, տխուր ու ճնշված Գևորգը դեմքին կապտուկ է ունեցել, հագին շապիկ չի եղել, իսկ հագուստը հին ու մաշված է եղել։
Նրա մորեղբայրը՝ Արմեն Բեգլարյանը, «Ազատության» հետ զրույցում խիստ վրդովված նշեց, որ բոլոր զինծառայողները կարող են վկայել, թե ինչ բարքեր են տիրել այդ զորամասում․ - «Պրիսյագից հետո ինքը որտեղ ընգել ա, էտը բարդակ, կանկրետնի բարդակ: Էրեխու իրեք անգամ շորերը գողացել են․․․ Երբ որ պերեդաչան եկել ա, հասել ա, մյուս օրը կռվի մեջ ա եղել, հեռախոսը չկա էրեխու: Նենց ճնշումներ, որ ինքը տեսել ա, ընտեղ կատարվել ա, ինքը իրա մորն էլ ա ասել: Էրեխուն ոնց ա ծեծում․․․ աֆիցերները, սերժանտները, որը դրան են էդ էրեխոցը վրա»:
Գևորգը, ըստ իրվապահների, հոկտեմբերի 2-ին ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, մեղադրանք է առաջադրվել 3 անձանց։
Պաշտպանության նախարարության մարդու իրավուքների կենտորոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը տեղին չհամարեց մեղադրանքի սլաքներն ուղղելը դեպի իրենց գերատեսչությունը, քանի որ, ըստ նրա, քանի դեռ քննություն է ընթանում իրենք որևէ մեկին նախօրոք պատժել չեն կարող․ - «Անկեղծ ասած, հոսպիտալից եմ գալիս, մեկ ամսից ավել ա, նյարդային խանգարումով պառկած են էնտեղ: Էկել եմ հատուկ, որ էսօր ներկա գտնվեմ, ծնողների հետ էլ հանդիպեմ: Եթե քննություն ա ընթանում, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, անկախ նրանից, դա ով կլինի՝ շտաբի պետ կլինի, ես կլինեմ, մամուլի քարտուղար կլինի, եթե ինֆորմացիա տրամադրի մի գործի վերաբերյալ, որով դեռևս քննություն է ընթանում, արդյո՞ք դա չի դիտվի որպես ինչ-որ առումով ուղղորդում գործի»:
Ժաննա Ալեքսանյանը հակադաձեց. - «Մահվան դեպքերը տեղի են ունենում Պաշտպանության նախարարության զորամասերում: Քննչական մարմիններին արի թողնենք․․․ Մենք տեսել ենք՝ երեխային ահավոր բռնությունների մեջ, ամեն օր բռնության են ենթարկել: Ձեր ծառայողական քննությունների մասին հանրություն չի տեղեկանում: Դուք նույնիսկ չեք տեղադրում․․․ Թող նախարարը գնա զորամաս, և հետո հանրությանը բացատրի, թե ինչ ա տեղի ունեցել»: