Խորհրդարանում տապալվեց ՍԴ դատավորի ընտրությունը

Ազգային ժողովում այսօր տապալվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը դատավորի թափուր պաշտոնում առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Քվեարկությունը փակ գաղտնի էր և ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ, մինչդեռ ընտրությանը մասնակցել էր ընդամենը 53 պատգամավոր, որոնցից 30-ը կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը, 23֊ը՝ դեմ:

Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է: Իրավունքի ոլորտում խորհրդատվությամբ զբաղվում է 1996 թվականից, մասնագիտացել է մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության ոլորտում: 2013 թվականից մինչև այսօր փաստաբան է Լոնդունում Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կենտրոնում: Իրավաբանի որակավորում է ստացել նախ Երևանի պետական համալսարանում, ապա կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում: Եվրոպայի խորհրդի մի շարք ծագրերով միջազգային փորձագետ է:

Վահե Գրիգորյանն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ այս ոլորտում նույնպես Սահմանադրական դատարանն անելիք ունի․ - «Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեր դատողությունները մենք կարող ենք կառուցել նաև Եվրոպական դատարանի կողմից արդեն տեղատարափի նման եկող վճիռների հոսքից և այդ վճիռներով արձանագրված իրավախախտումների բնույթից և խախտումների խորությունից: Ես հավատում եմ, որ Սահմանադրական դատարանը ի վիճակի է իրավիճակ փոխել: Եվ միաժամանական Սահմանադրական դատարանը, իմ կարծիքով, ինքը վերափոխումների, տրանսֆորմացիաների խորը անհրաժեշտություն ունի»:

Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրեց 2015-ին ընդունված Սահմանադրության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչի մասին նախկինում բազմիցս ահազանգել է, սակայն Սահմանադրական դատարանը, նախկին իշխանությունը, քաղաքական ուժերը աչք են փակել դրա վրա․ - «Օրենսդիր և գործադիր տանդեմին հակակշիռը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Սահմանադրության նախատեսված պետական մարմինների կառուցվածքի մոդելով մնացել է Սահմանադրական դատարանը: Եվ իմ խորին համոզմամբ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ծանր կշռի և նրանց՝ մեկ քաղաքական ուժի ձեռքում լինելու վերահսկողությունը լինելու բերումով, Հայաստանի Հանրապետությունը իր դեմոկրատական ուղեծրում պահելու վերջին լծակը լինելու է Սահմանադրական դատարանը»:

Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի պատասխանատու պաշտոնում պատրաստ է ըստ արժանվույն արձագանքել գործող Սահմանադրությունից բխող խնդիրներին․ - «Ես ձեզ առաջարկում են ձեր ընտրությունը կատարելիս հաշվի առնել այն, թե արդյո՞ք այդ ընտրությամբ ամրացվելու է Սահմանադրական դատարանի դերն ու հեղինակությունը, թե՞ այն թույլացվելու է»:

Վահե Գրիգորյանը 2007 թվականից Սահմանադրական դատարանում ներկայացրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության բողոքները, մասնավորապես՝ 2007 թվականի խորհրդարանական, ապա 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Լևոն Տեր-Պետորսյանի գլխավորած քաղաքական ուժի հայցը:

Սահմանադրական դատարանում, որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ վիճարկել է 2012-ի և 2017-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները: