«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկի վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցությունը վաղը չի քվեարկի Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ այդ կերպ հնարավոր կլինի իրագործել Փաշինյանի քաղաքական օրակարգը։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ֆորմալ առաջադրում է։ Ես վստահ եմ, որ որևէ քաղաքական ուժ, որևէ թեկնածու չի առաջադրի, բնականաբար մենք չենք քվեարկի և հստակ ժամանակացույցով արդեն կաշխատի արտահերթ խորհրդարանական ընտրության ռեժիմը, ևս յոթ օր և կգնա խորհրդարանի ինքնալուծարում», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Ելք»-ը, կարծում եմ, ևս չի քվեարկելու, որպեսզի այն քաղաքական օրակարգը, որ ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, այսինքն՝ խորհրդարանի ինքնալուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավոր լինի իրագործել։ Եթե քվեարկենք և Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, ապա խոսք չի կարող լինել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»։

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Թերևս նա առաջադրվող միակ թեկնածուն կլինի։ Քվերակությունը տեղի կունենա Ազգային ժողովի վաղվա նիստում։

Խորհրդարանը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Սահմանադրության մեջ հստակ նշված չէ՝ արդյոք անհրաժեշտ է քվեարկություն, նաև թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանը լուծարվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: