Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

Արթուր Մեսչյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ այսօր երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, խոսելով այս նշանակման մասին, «Ազատությանը» ասաց՝ Մեսչյանը հեղինակավոր ճարտարապետ է, սիրված արվեստագետ ու նշանավոր մարդ մեր քաղաքում, կարծում է՝ շատերն ուրախ են և ողջունում են այդ նշանակումը։

Անդրադառնալով նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի աշխատանքից հեռացմանը, քաղաքապետի տեղակալն ասաց՝ դա պայմանավորված է քաղաքապետարանում քաղաքական նոր թիմի ձևավորմամբ։ «Ավագանու իշխող կուսակցությունը ինքը կայացնում է որոշումներ, իր սկզբունքներն ու թեզերը, իր նախանշած ծրագրերը պիտի իրականացնի, որով վաստակել է այն քվեն ժողովրդից, երևանցիներից, որ հայտնվել է ավագանում, հետևաբար պիտի նաև նշանակի իր ցանկալի անձանց և մարդկանց, ովքեր որ այդ ծրագրերը ըստ ղեկավարության հնարավորություն կունենան իրականացնել», - ընդգծեց Սուքիասյանը:

2013 թվականից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն «Ազատության» հետ զրույցում ողջունեց Արթուր Մեսչյանի նշանակումը այդ պաշտոնում: «Տաղանդավոր մարդը ամեն ինչում է տաղանդավոր։ Իր նշանակման հարցով մենք արդեն իսկ զրույց ունեցել ենք հեռախոսային։ Ես իրեն շնորհավորել եմ և պատրաստակամություն եմ հայտնել նաև որպես ընկեր, որպես կոլեգա իր կողքին լինել անհրաժեշտության պահերին և ցանկացել եմ լավագույնն իր դժվարին գործում։ Իսկապես հեշտ չի, բայց կարծում եմ, որ Արթուրը ճիշտ կազմակերպելով բոլոր խնդիրներին կարող է դրական պատասխաններ և ընթացք տալ», - ասաց Բարսեղյանը։

Հարցին՝ գո՞հ է արդյոք իր կատարած աշխատանքից, նախկին գլխավոր ճարտարապետը կարճ պատասխանեց՝ «բավարարված է»։

Արթուր Մեսչյանը 1996 թվականին ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որից, սակայն, 1997-ին հրաժարվել է: Մեսչյանը նախագծել և կառուցել է Մատենադարանի նոր մասնաշենքը, Կոմիտասի թանգարանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով տարիներ շարունակ պայքարել է հին Երևանի դիմագիծը պահպանելու համար, ընդգծում է․ - «Ես կուզեի, որ Մեսչյանի խոսքը կտրուկ լինի, իրեն հարգեն, իր ասած խոսքը և լսեն որպես մասնագետի։ Շատ լավ գլխավոր ճարտարապետներ ենք ունեցել, որոնք ուզեցել են, որ նման բաներ չլինի: Ոչ մեկն էլ, որ ճարտարապետական կրթություն է ստացել, չի կարող վատ բան անել քաղաքի համար, բայց ստիպվածությունը երբեմն բերում է դրան։ Ուրիշ բան, եթե ձեռքդ խփես դուրս գաս, բայց մարդիկ երբեմն դժվարանում են դա անել»։

Երևանի գլխավոր ճարտարապետը պետք է ունենա մեծ հեղինակություն, լինի խիստ սկզբունքային անձ, այս իրավիճակում Արթուր Մեսչյանին այս պաշտոնին նշանակելը լավագույն տարբերակն է, կարծում է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Աբրահամյանը։

«Արթուր Մեսչյանը և նախկինները ևս շենքերի նախագծողներ չպետք է լինեին։ Պետք է ամբողջական կոնցեպտ, քաղաքաշինական ռազմավարություն մշակվեր և այդ ռազմավարության ներքո գործեր ամբողջ քաղաքի զարգացման տրամաբանությունը։ Հիմա, եթե այդ տրամաբանությունը խախտվել է և խախտվել է նախկինում գլխավոր ճարտարապետների կողմից, ի՞նչ ենք ակնկալում հիմա՝ հիմա ակնկալում ենք մարդու ներգրավվածություն, որը կունենա հեղինակություն, որը կունենա սկզբունքայնություն և այդ սկզբունքնայնության դիրքերից կփորձի վերականգնել այն իրական գործունեությունը, որը պետք է ունենա գլխավոր ճարտարապետը», - ասաց Գայանե Աբրահամյանը:

Քաղաքապետարանում քաղաքապետից հետո երկրորդ կարևոր դեմքը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն է, ասում է 1998-1999 թվականներին Երևանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ով ընդգծում է՝ պատասխանատու գործ է, Երևանում անելիքները շատ են։

«Երևանի համար և ճարտարապետությունն է շատ կարևոր, այդ ոլորտի հետ կապված կասկածներ չունեմ, բայց Երևանը նաև բավականին լուրջ քաղաքաշինական խնդիրներ ունի, որի լուծումը պետք է տա Մեսչյանը», - ասաց Աբրահամյանը։