Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Խաշոգի, Հաշոգի) սպանությունը «մանրամասն ծրագրված էր օրեր առաջ»:
Այսօր ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խոհրդարանական խմբակցության հավաքում՝ Էրդողանն ասել է, որ սաուդցի գործակալների թիմը Ստամբուլ էր ժամանել լրագրողի սպանությունից մեկ օր առաջ:
The Washington Post օրաթերթի սյունակագիրն անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Խաշոգջին հյուպատոսարան է գնացել իր ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով:
Էրդողանի փոխանցմամբ, սաուդցի 15 գործակալներ այդ օրը մտել են հյուպատոսարան, նրանցից երեքը նաև մեկնել են Ստամբուլի արվարձանում գտնվող «Բելգրադ» անվամբ անտառ՝ զննելու տեղանքը:
Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ հավաստիացրել է, որ տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին, բայց օրերս Էր-Ռիյադը խոստովանել է, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ձեռնամարտի ընթացքում:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են, թե լրագրողը սպանվել է, երբ հյուպատոսարանում միջադեպը «դարձել է անվերահսկելի»:
Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պարտավոր է բացահայտել լրագրողի սպանությանը առնչություն ունեցող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, և պնդել է, որ մեղադրյալների դատավարությունը պետք է տեղի ունենա Ստամբուլում:
Էրդողանն ասել է, որ Խաշոգջին դաժան սպանության զոհ է դարձել, և այդ հանցագործությունը պարտակելու փորձերն անընդունելի կլինեն: