«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել՝ առաջիկա երկուշաբթի Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար, որպեսզի երեկ չընդունված Ընտրական օրենսգիրքը նորից քննարկվի:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենց արդեն իսկ հաջողվել է ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը: Զոհրաբյանը լավատես է, որ դեկտեմբերին, այնուամենայնիվ փոփոխված օրենսգրքով կգնան արտահերթ ընտրությունների:

ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Մարտուն Գրիգորյանը նույնպես միացել են ստորագրահավաքին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որ դեկտեմբերին արտահերթ ընտրությունները տեղի ունենան բարեփոխված օրենսգրքով, սակայն եթե անգամ ընտրություններն անցնեն գործող օրենսգրքով, մեծ խնդիր չէ:

Դաշնակցությունը հրաժարվել է միանալ այս ստորագրահավաքին, պատճառաբանելով, որ իրենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները չեն ընդունվել: Այդուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե նախագիծը կրկին մտնի ԱԺ օրակարգ, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի:

Ազգային ժողովը երեկ տապալեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։ Հանրապետականից բացի չքվեարկեցին նաև ՀՅ Դաշնակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորներ, այդ թվում՝ հենց «Ծառուկյան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Փոփոխությունների նախագծով՝ կառավարությունը, ինչպես խոստացել էր իր ծրագրում, ցանկանում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ վերացնել նաև ռեյտինգային ընտրակարգը։

Քվեարկությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը «սաբոտաժ» որակեց:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այդ որակմանը համաձայն չէ: Նրա խոսքով՝ Հանրապետականն իր դիրքորոշումը ի սկզբանե հայտնել էր և անկեղծորեն հետևել է դրան:

Տե՛ս նաև այստեղ