Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

Մինչ համաժողովի բացումը, հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաև վերջերս Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ալան Բերսեն։

Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների և կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար և ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի և ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները և դրանք հաղթահարելու հնարավորությունները:

Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր երկրների բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, ազդեցիկ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարների:

Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը հետևել է ՄԱԿ-ի Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը։

Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։

Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական Invest India ընկերությանը:

Հայաստանի նախագահն այնուհետև այցելել է Համաշխարհային ներդրումային համաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ` ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ: